ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է, որը փակելն ու քաղաքացիական բնակչությանը շրջափակման մեջ պահելն անընդունելի է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շրջափակմամբ, որը պայմանավորված է հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնություններով։ ՌԴ ՊՆ-ն և ՌԴ խաղաղապահ միավորումն այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ։
Մենք հույս ունենք, որ Լաչինի միջանցքով տրանսպորտային երթևեկությունը ամենամոտ ժամանակում կվերականգնվի։ Նաև ուզում եմ ընդգծել, որ Լաչինի միջանցքը ապահովում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը, գտնվում է ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման վերահսկողության ներքո։
Հայաստանի, Ադրբեջանի, ՌԴ-ի առաջնորդները 2020 թ-ի նոյեմբերի 9-ին ստորագրել են համատեղ հայտարարություն, որի բոլոր կետերը պետք է անվերապահորեն իրականացվեն։ Անընդունելի է քաղաքացիական բնակչության կենսագործունեության համար խոչընդոտներ ստեղծելը», - ասել է Զախարովան։
--00—ՅՄ