ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Ռուսաստանում զորակոչային տարիքի նոր համակարգին անցումը կարող է սկսվել արդեն գարնանային զորակոչից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Парламентская газета» պարբերականին հարցազրույցում հայտնել է Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը:
«Մինչև գարնանային զորակոչի մեկնարկը յուրաքանչյուր զինկոմիսարիատ պետք է պարզի, թե քանի մարդ է համապատասխանում նոր պահանջներին: Իսկ հետո այդ տվյալները հարկավոր է համապատասխանեցնել մարտական առաջադրանքին», - ասել է Կարտապոլովը։
Նա հայտնել է, որ սկզբնական շրջանում կզորակոչեն խառը ձևով, այսինքն՝ 18-ից 30 տարեկաններին։ Իսկ ամբողջական անցումը նոր համակարգին, որի դեպքում զորակոչի նվազագույն տարիքը կազմելու Է 21, իսկ առավելագույնը՝ 30, կտևի մեկից երեք տարի, ասել է Դումայի պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը։
«Մի շարք փոփոխություններ կպահանջվեն գործող օրենսդրության մեջ, մասնավորապես, «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում», - նշել է Կարտապոլովը։ Ներկայում ժամկետային զինծառայության կարող են զորակոչվել 18-ից 27 տարեկան արական սեռի քաղաքացիները։
Իր հերթին, Интерфаксե գործակալությունը հիշեցնում է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գերատեսչության կոլեգիայի նիստում հայտարարել Էր ժամկետային զինծառայության զորակոչի տարիքային սահմանները փոխելու պլանների մասին։
«Զինված ուժերը համալրելիս քաղաքացիների զորակոչի տարիքն աստիճանաբար 18-ից հասցնել 21-ի, իսկ առավելագույնը հասցնել 30-ի», - ասել Էր նախարարը։ Նա հայտնել էր նաև, որ պլանավորվում է «ապահովել քաղաքացիների ցանկությամբ ծառայության առաջին օրվանից պայմանագրային զինծառայության անցնելու հնարավորությունը»։
Ավելի վաղ՝ 2022 թ. դեկտեմբերի 17-ին, Մոսկվայի մարզի զինվորական կոմիսար Ալեքսեյ Աստախովը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում զինվորական ծառայության ժամկետի ավելացում չի նախատեսվում։
--00—ՅՄ