ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց երկրի արտգործնախարարությանը։
Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող իրադարձություններին վերաբերող հարցեր։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպման ընթացքում պնդել է, թե «Ադրբեջանի տարածքում հայ բնակիչների շրջափակման և հումանիտար աղետի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»։
Բայրամովը Խավիեր Կոլոմինային ասել է նաև, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցել Հայաստանի հետ։
«Չնայած հայկական կողմի ապակառուցողական քայլերին, մենք պատրաստ ենք մասնակցել հերթական բանակցություններին՝ կարճ ժամկետներում»- ասել է նա։
--00--ԱՀ