ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Ազգային ժողովը մարտի 1-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ու «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխությունները ներկայացրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը:
Նախաձեռնության նպատակն է Ազգային անվտանգության մարմիններում ատեստավորման հիմքով վարձատրության նոր համակարգի ներդնումը:
Զեկուցողի խոսքով առաջին ընթերցումից հետո փաթեթը լրամշակվել է` հաշվի առնելով Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորների կողմից հնչեցված եւ Կառավարության համար ընդունելի առաջարկները:
«Հստակեցվել է մեկ տարվա մեջ կրկնակի ատեստավորման բացասական արդյունքի դեպքում ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելուց հետո կադրերի տրամադրության տակ թողնելու ընթացքում վարձատրությանը վերաբերող կարգավորումը: Վերանայվել է ատեստավորման ենթակա պաշտոնների եւ գործառույթների սահմանված շրաջանակը` ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն նախատեսելով Ազգային անվտանգության մարմինների բոլոր ծառայողների համար: Լրամշակվել են հավելավճարների վճարումը դադարեցնելու հիմքերը, ինչպես նաեւ անցումային դրույթները»,- ընդգծել է Անդրանիկ Սիմոնյանը:
Կատարվել են նաեւ խմբագրական փոփոխություններ:
Հարակից զեկույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը բարձրաձայնել է նախաձեռնության վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխությունները: Նպատակը հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետության բարելավումն է:
Առաջին ընթերցումից հետո նախագծում բովանդակային փոփոխություններ չեն եղել:
Առաջարկներ է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը. դրանք չեն ներառվել նախագծում, սակայն դրանց վերաբերյալ բովանդակային քննարկում անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Գլխադասային` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը:
Կառավարությունն առաջարկում է լրացումներ «Ավիացիայի մասին» օրենքում: Նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Նախաձեռնությունը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են մեր երկրում ստանալ օդանավ շահագործողի վկայական: Այդ կազմակերպությունների կառավարման վրա լիազորություն ունեցող անձանց վատ հեղինակություն ունենալու դեպքում օդանավ շահագործողի վկայականի տրամադրումը կարող է մերժվել:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Քննարկված հարցերն ընդունվել են երկրորդ ընթերցմամբ:
--00—ԼՄ