Արձանագրվել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

l-0x0wh-786x458z-1 (2)

Փետրվարի 6-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, շվեյցարական պատվիրակությունը՝ արտաքին գերատեսչության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Մուրիել Պենըվերը:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք ընդգծվել է առկա համագործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությանը և դրանց շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ:

--00—ՅՄ