Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ ՀՀ ժողովրդավարական տեսլականին աջակցության համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

photo_2024-07-05_14-06-46

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 5-ին ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը: Նեղ կազմով տեղի ունեցած զրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ, հայտնում են ԱԺ-ից։

Ողջունելով պատվիրակության ժամանումը Հայաստան՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար:

«ԱՄՆ-ն շարունակաբար աջակցել է Հայաստանի ժողովրդավարական տեսլականին եւ զգալիորեն նպաստել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների եւ օրենքի գերակայության ամրապնդմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը: Այս համատեքստում մենք մեծապես կարեւորում ենք Միացյալ Նահանգների դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում եւ բարձր գնահատում ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը եւ  սահմանների անխախտելիությանը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Քննարկումների առանցքում են եղել խաղաղության պայմանագրին, հայ-թուրքական հարաբերություններին, Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձությանը եւ Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցերը: Ամերիկացի հյուրերին է ներկայացվել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

--00—ՅՄ