ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Լեհաստանի բնակիչները հոգնել են թանկարժեք հյուրանոցներում հանգստացող Ուկրաինայի քաղաքացիների պահվածքից։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Լեհ հասարակությունում հոգնածություն կա, և դա բնական է, հատկապես, երբ մարդիկ այստեղ տեսնում են երիտասարդ ուկրաինացիներին, ովքեր վարում են նորագույն մեքենաներ կամ հանգստանում հինգ աստղանի հյուրանոցներում», - ասել է նա Financial Times-ին:
Հրատարակությունը հավելել է, որ Կիևի և Վարշավայի միջև տարաձայնությունների ևս մեկ պատճառ է մնում Ուկրաինայի իշխանությունների մշտական պահանջը՝ ավելացնել զենքի մատակարարումները։ Այդ կապակցությամբ նախարարը կոչ է արել Ուկրաինայի ղեկավարությանը հաշվի առնել, որ Լեհաստանը չի կարող իր ողջ սպառազինությունը փոխանցել Ուկրաինային։
«Մի կողմից, ես հասկանում եմ Զելենսկիին, քանի որ նրա դերը մշտապես ավելի շատ օգնություն պահանջելն է։ Բայց ես նաև կարծում եմ, որ և՛ նա, և՛ Ուկրաինան պետք է հիշեն, որ երբ ուրիշները միայն սաղավարտներ էին ուղարկում, մենք արդեն տանկեր էինք ուղարկում», - նշել է ՊՆ ղեկավարը։
--00—ՅՄ