ԱՄՆ-ն կշարունակի խրախուսել ՀՀ-ի և նրա հարևանների միջև հարաբերությունների կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

011425f0d7063c69e04000be6fcf3dcc8caaf6

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը․

«Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։

ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ստորև ներկայացված է Կանոնադրության ամբողջական տեքստը։

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրություն

Նախաբան

Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ հաստատում են իրենց բարեկամական և ռազմավարական գործընկերության հարաբերությունների կարևորությունը: Նպատակադրվում են խորացնել իրենց գործընկերությունը՝ ի շահ երկու երկրների,  և ընդլայնել համագործակցությունը փոխադարձ առաջնահերթությունների լայն շրջանակում: 

1․ Ընդգծում են, որ երկու ժողովրդավարական երկրների միջև այս  համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների և համատեղ շահերի վրա: Դրանք  ներառում են  ժողովրդավարության և տնտեսական ազատության  առաջխաղացումը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման ամրապնդումը, աջակցությունը նորարարությանն ու տեխնոլոգիական առաջընթացին, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդումը:

2․ Ընդգծում են իրենց փոխադարձ ցանկությունը՝ ամրապնդելու հարաբերությունները  դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ, բարձր տեխնոլոգիական, կրթական, գիտական, մշակութային, իրավական, պաշտպանության  և անվտանգության  ոլորտներում:

Բաժին I․ Գործընկերության սկզբունքները

Սույն կանոնադրությունը հիմնված է երկու կողմերի համար ընդհանուր հիմնարար սկզբունքների և համոզմունքների վրա:

1․ Միմյանց ինքնիշխանության,  անկախության,  և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է:

2․ Կողմերի բարեկամությունը բխում է ժողովրդավարական արժեքների ընդհանուր հանձնառությունից և համոզմունքից, որ ժողովրդավարությունը, քաղաքական լեգիտիմության և, հետևաբար, կայունության գլխավոր հիմքն է:

3․ Ժողովրդավար գործընկերների միջև համագործակցությունը կնպաստի խաղաղության և կայունության խթանմանը:

4․ Ուժեղ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որն ի զորու է պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը՝ առանցքային է տարածաշրջանային տևական անվտանգության և բարգավաճման համար։

5․ Հայաստանի շարունակական ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները  կարող են լիարժեքորեն բացահայտել իր աշխատասեր քաղաքացիների ողջ ստեղծագործական ներուժը`  դրանով իսկ խթանելով բարգավաճումը տարածաշրջանով մեկ  և  դրանից դուրս:

6․ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի ջանքերը՝  խորացնելու իր քաղաքական, տնտեսական, անվտանգության և սոցիալական կապերը եվրաատլանտյան համայնքի այլ երկրների և ժողովրդավարական լայն համայնքի հետ:

7․ Արժանապատիվ և հարատև խաղաղությունը հիմնարար է Հարավային Կովկասի առավել կայուն և բարեկեցիկ ապագայի համար: Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում՝ սահմանազատման գործընթացին՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա:

8․ Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝  հիմնվելով երկրների ինքնիշխանության և իրավազորության վրա։

9․ Հաշվի առնելով, որ ապրանքների և մարդկանց տեղաշարժը երկրի սահմաններից դուրս հանգեցնում է հարևանների միջև փոխկախվածության և փոխշահավետ հարաբերությունների, Միացյալ Նահանգները նաև նպատակադրվում է շարունակել խրախուսել Հայաստանի և նրա հարևանների միջև հարաբերությունների կարգավորումը»:

--00—ՅՄ