ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Հունաստանի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել խորհրդարանի նախկին նախագահ Կոստաս (Կոնստանտինոս) Տասուլասին, որի թեկնածությունն առաջադրել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին են վկայում երկրի գլխավոր օրենսդիր մարմնում կայացած քվեարկության չորրորդ փուլի արդյունքները։
Հունվարի 25-ին և 31-ին, ինչպես նաև փետրվարի 6-ին կայացած քվեարկության առաջին երեք փուլերում չէր հաջողվել նախագահ ընտրել։ Քվեարկության առաջին և երկրորդ փուլերում Հունաստանի նախագահին ընտրելու համար անհրաժեշտ էր խորհրդարանի երկու երրորդի համաձայնությունը (200 ձայն՝ 300-տեղանոց խորհրդարանում), իսկ երրորդում՝ երեք հինգերորդի համաձայնությունը (180 ձայն): Բոլոր երեք փուլերում Տասուլասի օգտին քվեարկել էր 160 խորհրդարանական։ Չորրորդ փուլում նախագահն ընտրվում է 151 ձայնով։ Իշխող «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը, որն առաջադրել է Տասուլասի թեկնածությունը, բարձրագույն օրենսդիր մարմնում ունի 156 պատգամավոր։
Չորրորդ փուլում Տասուլասի օգտին իր ձայնն է տվել 160 պատգամավոր՝ ինչպես իշխող կուսակցությունից, այնպես էլ անկախ թեկնածուներ: Ձեռնպահ է մնացել 39 պատգամավոր։ Ընդամենը քվեարկել է 276 պատգամավոր։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ