ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը անդրադարձել է վարչապետ Փաշինյանի ուղերձին․
«Նիկոլ Փաշինյանն անշուշտ բոլորովին պատահական չի ընտրել «գաղափարախոսական ուղերձի» ժամանակաշրջանը:
Այս օրերը արցախյան շարժման տարեդարձիի օրերն են՝ փետրվարի 18-20, իսկ արցախյան շարժումը Հայաստանի հանրապետության գաղափարախոսական հիմքն է:
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հանդիպումներից մեկում բաց տեքստով խոստովանել էր, որ դրել է Հայաստանում գաղափարախոսական վերանայման խնդիր:
Այդ իմաստով, կրկնեմ, «ուղերձի» պահն ընտրված է «խորհրդանշականության» հաշվարկով:
Չեմ բացառում, որ դա չէ իհարկե միակ հաշվարկը: Կարող են լինել նաեւ արտաքին այլ հանգամանքներ, մասնավորապես այն գաղափարախոսական «գիծը», որ Մյունխենի համաժողովում քաշեց ԱՄՆ փոխնախագահ Վենսը:
Շատերն այս առումով կարծիք են հայտնում, որ Տրամպի թիմի գաղափարախոսական պատկերացումներն ու Փաշինյանի գաղափարախոսական ուղենիշները՝ հակոտնյա են: Առերեւույթ՝ այո: Հարցն այն է սակայն, խորքային իմաստով դրանք չեն կարող լինել հակոտնյա, այն պարզ պատճառով, որ դրանք համեմատելի «մեծություններ» չեն: Համեմատելի չեն ոչ թե մասշտաբով, այլ տրամաբանությամբ:
Փաշինյանի՝ «իրական Հայաստանի» այսպես ասած հայեցակարգային կամ «գաղափարախոսական» առանցքը որեւէ կերպ չի աղերսվում Տրամպի առաջ քաշածին, որովհետեւ Հայաստանը չկա Տրամպի գաղափարախոսական «էքսպանսիայի» հասցեների շարքում:
Դա Փաշինյանի համար կարող է ունենալ ֆինանսական որոշակի հետեւանք, բայց ոչ քաղաքական: Որովհետեւ ֆինանսականն էլ այս կամ այն կերպ փոխհատուցելի է, եթե քաղաքական հետեւանքի բաղադրիչ չէ:
Ըստ այդմ, համարձակվում եմ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը այժմ պարզապես խնդիր է դնում «իրական Հայաստանի» իր «գաղափարախոսությունը» որոշակիորեն ադապտացնել ԱՄՆ ու Եվրոպայի միջեւ «մանեւրելու» հնարավոր անհրաժեշտությանը»:
--00—ՍՊ