ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային խաղերի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում պարտվեց Վրաստանի ընտրանուն 0:3 հաշվով: Այդ կապակցությամբ վրացական Sportall լրատվական պորտալը կարծիք է արտահայտել իրենց ընտրանու հաղթանակի, ինչպես նաև Հայաստանի հավաքականում ստեղծված իրավիճակի մասին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:
«Վրաստանի ազգային հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին իրենց դաշտում և փաստացի պահպանեց տեղը Ազգերի լիգայի B դիվիզիոնում։
Վրաստանի սպորտի նախարարության և լրագրողների աջակցությամբ, հնարավորություն ունեցանք հետևելու խաղին հենց մարզադաշտից։ Հայ երկրպագուները գիտակցում էին, որ Վրաստանն ուժեղ է և մեծ ակնկալիքներ չունեին։ Հատկապես նշվում էր Խվիչա Կվարացխելիայի անունը։
Չնայած անցյալի խաղերի լարվածությանը, խաղում մեծ դիմադրություն չեղավ։ Խաղը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Հայաստանի ընտրանու պարտությունը ևս մեկ անգամ ցույց տվեց խնդիրները:
Հնարավոր է՝ Հայաստանի ֆուտբոլին նոր շունչ հաղորդի «Հանրապետականի» վերանորոգումը կամ «Հրազդանի» վերակառուցումը։ Հին «Հրազդան» մարզադաշտը վերանորոգման կարիք ունի, և առանց դրա ֆուտբոլային բում սպասելն անիմաստ է: Եթե 2029 թվականին Հայաստանում և Վրաստանում անցկացվի մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնությունը, սա կարող է մեծ խթան լինել տարածաշրջանի ֆուտբոլի զարգացման համար։
Վրաստանը սկսեց դժվարությամբ՝ Հայաստանի բարձր պրեսինգի պատճառով։ Սակայն քիչ անց երևաց, որ տարբեր մակարդակների թիմեր էին խաղում, ու ճնշումը անցավ Վրաստանի կողմը։ Առաջին գոլը զգալիորեն փոխեց խաղի ընթացքը, և Վրաստանը լիովին վերահսկում էր իրավիճակը։
Սա այն խաղը չէր, որտեղ ամեն պահ կարող էր փոխել արդյունքը: Վրաստանի հավաքականն այլևս այն թիմը չէ, որ ինքն իրեն խնդիրներ ստեղծի, կորցնի վերահսկողությունը կամ թիմային աշխատանքը տուժի։
Վրաստանի հավաքականը պատրաստվում է Աշխարհի առաջնության ընտրական խաղերին, և թիմն իր բոլոր ջանքերը կենտրոնացնում է դրա վրա։ Վրացի ֆուտբոլիստները արժանի են շնորհակալության՝ իրենց նվիրվածության և թիմային աշխատանքի համար»։
--00--ԱՀ