ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
«Գեղարդ» հիմնադրամ․
«Ադրբեջանը շարունակում է համակարգված ոչնչացնել հայկական հետքն Արցախում։ Հողին են հավասարեցվում եկեղեցիներ ու հուշարձաններ, ամբողջական գյուղեր՝ Մարիամաձոր, Ծամձոր, Քարինտակ և այլն, հասարակական նշանակության շինություններ ու թաղամասեր։ Այսպես՝ Ստեփանակերտում ոչնչացվել են ամբողջական բնակելի թաղամասեր, քաղաքի պատմական հատվածը, կառավարական շենքեր։
Ադրբեջանի կողմից այս գործելակերպն ամենևին էլ նոր չէ, այլ՝ տասնամյակներ շարունակ իրագործվող ռազմավարություն․ տարածքի յուրացումն իրականացվում է հայկական հետքը ջնջելով ու մոռացության տալով․ վկան Ջուղայի խաչքարերի ոչնչացումը։
Երկար տարիներ իրեն ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության զոհի կարգավիճակում՝ Ադրբեջանն առաջին պլան էր բերում տարածքային ամբողջականության սկզբունքն ու, իբրև թե, մեկ միլիոն փախստականների հարցը՝ երբեք չթաքցնելով հայկական հետքի բացառումը։
Այն, ինչ Ադրբեջանն անում է Արցախում 2020 թվականից հետո, ի ցույց է դնում նրա ավելի մեծ նպատակը, վերաբերմունքն ու ռազմավարությունը, որն իրականացվում է տարբեր ձևերով, ինչպես՝ հայկական մշակութային ժառանգության աղվանականացում կամ ոչնչացում։
Ժառանգության ոչնչացումն ու յուրացումը նպատակ է հետապնդում ջնջել տեղական բնակչության և տարածքի միջև կապը, նվաճել տարածք, ու փորձել օրինականացնել նվաճողի իրավունքն այդ տարածքի նկատմամբ։ Առկա է այս երևույթի ուսումնասիրությանը նվիրված մեծածավալ գրականություն, իսկ հիշողության ջնջման երևույթը հակամարտությունների և ցեղասպանությունների ուսումնասիրության թեմաներից է։ Տարածքի յուրացումն ու բռնակցումը իրականացվում է բնիկ բնակչության տեղահանությամբ, ոչնչացմամբ ու նրանց պատմությունը ջնջելով, «նոր անցյալ» կառուցելով։
Հիշողության ոչնչացման մասին իր հետազոտությունում («Հիշողության ոչնչացում․ պատերազմի ճարտարապետություն») Ռոբերտ Բիվանը նշում է․
«Էթնիկ զտումներն ուղեկցվում են մշակութային զտումների քաղաքականությամբ՝ մշտական և անշրջելի դարձնելու համար։ Այն ուղղված է կոլեկտիվ հիշողությանը, ընդհանուր պատմությանը և կապվածությանը տարածքին ու կառուցված միջավայրին: Կոչված է արմատախիլ անելու պատմական ներկայությունը, ինչպես նաև՝ ժամանակակից կյանքը: Գերեզմանների ու հուշարձանների ոչնչացումը հետին թվով էթնիկ զտումներ իրականացնելու միջոց է»։
Հիշողությունը ջնջելու, մոռացության մատնելու քաղաքականությունն իրականացվում է տարբեր մեխանիզմներով, օրինակ՝ ժխտում, պատմության վերաշարադրում՝ ըստ քաղաքական նպատակահարմարության, ֆիզիկական օբյեկտների ոչնչացում, տեղանունների փոփոխություն և նոր քարտեզի ստեղծում։ Բաքուն ամբողջ ծավալով լծված է վերոնշյալ մեխանիզմների միջոցով յուրացնելու Արցախի տարածքը, պատմությունն ու ժառանգությունը։ Ստեփանակերտում հայ բնակչության տեղահանությունից հետո, քաղաքում հետևողականորեն վերացվում են հուշարձաններն ու բնակելի շինությունները։ Դրանց տեղում կառուցվում է ադրբեջանական նարատիվներն սպասարկող քաղաքային միջավայր` «հաղթանակի հրապարակ», «հաղթանակի պուրակ», փողոցներին տրվում են ադրբեջանական անվանումներ։ Արցախի մայրաքաղաքում 2023 թվականի հոկտեմբերից իրականացվում է քաղաքի հայկական անցյալը ջնջելու, մոռացության մատնելու և նոր՝ «խանքենդիական» անցյալ ու ապագա կառուցելու քաղաքականություն»։
--00—ՍՊ