Միրզոյանը ՄԹ պետքարտուղարին ներկայացրել է խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի ՀՀ առաջարկը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ԱԱ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։
 
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է երկու երկրների միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ գործադրված ջանքերը և համաձայնեցված տեքստով ստորագրման՝ ՀՀ առաջարկը։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Դեյվիդ Լամմիին համաձայնագրի հնարավորիս սեղմ ժամկետներում կնքման և տարածաշրջանում խաղաղության հաստաման հարցում ՄԹ կողմից արտահայտված հստակ դիրքորոշման համար։
 
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զինադադարի խախտումների վերաբերյալ Ադրբեջանից հնչող կեղծ մեղադրանքների առնչությամբ նախարար Միրզոյանը վկայակոչել է ՀՀ կողմից ներկայացված՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկը, որի վերաբերյալ չի ստացվել ադրբեջանական կողմի դրական արձագանքը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կողմից ներկայացված այս և մյուս՝ մասնավորապես հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ առաջարկները կարող են լուրջ հիմք լինել փոխվստահության ձևավորման և կայունության ապահովման համար։
 
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՄԹ պետքարտուղար Դեյվիդ Լամմին մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։ Մասնավորապես, նախարար Միրզոյանը ներկայացրել է COP17 համաժողովը Հայաստանում անցկացնելու ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքներն՝ ընդգծելով այս ուղղությամբ ՄԹ հետ սերտ համագործակցության կարևորությունը։

--00—ՍՊ