ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Միացյալ Նահանգները շոշափելի առաջընթաց է ակնկալում Սաուդյան Արաբիայում վաղը կայանալիք Ռուսաստանի հետ բանակցություններից, կիրակի օրը Fox News-ին ասել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
«Կարծում եմ, որ երկուշաբթի օրը Սաուդյան Արաբիայում որոշակի իրական առաջընթաց կտեսնեք», - ասել է նա:
Հիշեցնենք՝ մարտի 18-ին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է մոտ երկու ժամ։ Ի թիվս այլ բաների, նրանք պայմանավորվել են անհապաղ սկսել տեխնիկական բանակցություններ Սև ծովում կրակի դադարեցման, ամբողջական զինադադարի և մշտական խաղաղության հաստատման շուրջ։
Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, մարտի 24-ին Ռիադում տեղի կունենա Ռուսաստանի և ԱՄՆ-ի փորձագիտական հանդիպումը, որին Մոսկվայից կմասնակցեն Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը և Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։ Ամերիկյան պատվիրակության կազմը դեռ հայտնի չէ։
Ակնկալվում է, որ բանակցությունները կկենտրոնանան Սևծովյան նախաձեռնության վրա:
--00—ՅՄ