Սպիտակ տանը չեն բացառել Ուոլցի պաշտոնաթողությունը Signal-ում պաշտոնյաների չաթի սկանդալի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

.

Սպիտակ տանը քննարկումներ են ընթանում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի հնարավոր պաշտոնաթողության շուրջ, որը կապված է հութիների ուղղությամբ ԱՄՆ զինվորականների հասցրած հարվածների վերաբերյալ տեղեկատվության արտահոսքի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է POLITICO-ն։

The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը հոդված էր հրապարակել այն մասին, որ Ուոլցն իրեն ընդգրկել է Signal-ի աշխատանքային չաթում, որտեղ պաշտոնյաները քննարկել են ԱՄՆ զինված ուժերի հարվածները Եմենի հութիների ուղղությամբ: Գոլդբերգի խոսքով՝ չաթում, բացի Ուոլցից, եղել են Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա POLITICO-ին ասել է, որ քննարկումների մասնակիցների կեսը կարծում է, թե Ուոլցը պետք է հրաժարական տա, քանի որ խելամիտ չէ Signal-ում գաղտնի տեղեկատվության աշխատանքային քննարկում սկսել և, առավել ևս, չստուգել չաթի բոլոր մասնակիցներին: Սպիտակ տանն աշխատող ևս երկու օգնական հրատարակությանն այն կարծիք են հայտնել, որ Ուոլցը պետք է ինքը հեռանա, որպեսզի նախագահ Դոնալդ Թրամփին անհարմար դրության մեջ չդնի:

Եվս մեկ իրազեկված աղբյուր POLITICO-ին ասել է, որ Թրամփն արդեն Ուոլցի հետ քննարկել է տեղի ունեցածը։ Քանի դեռ նախագահը չի մեկնաբանել տեղի ունեցած սկանդալը, Ուոլցի ճակատագիրը որոշված ​​չէ:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն իր հերթին հայտարարել է, որ Թրամփը վստահում է ազգային անվտանգության հարցերով զբաղվող իր թիմին, այդ թվում՝ Ուոլցին։ Պաշտպանության նախարար Հեգսեթը հերքել է Գոլդբերգի հրապարակումը, սակայն Գոլդբերգն այս հերքումն անվանել է «սուտ»։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնն ասել է, որ Ուոլցը «ոչ մի դեպքում չպետք է հրաժարական տա», նրան կարելի է վստահել, և նա լավ որակավորում ունի:

Իսկ Կոնգրեսի դեմոկրատ օրենսդիրները դատապարտել են տեղի ունեցածը՝ դա անվանելով ԱՄՆ ազգային անվտանգության և օրենքի խախտում, որը պետք է հետաքննվի Կոնգրեսի կողմից։  

--00--ԱՀ