ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Ադրբեջանը չի ստորագրում Հայաստանի հետ բանակցված փաստաթուղթը, որովհետև հայաստանյան իշխող ուժի պարտվողական քաղաքականության հետևանքով, վերջինիս քաղաքական ախորժակը զգալիորեն բացվել է։ Այս մասին խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ներկայումս Ադրբեջանը վերախմբագրում է Հայաստանին իջեցվող պահանջների հերթական խմբաքանակը, իսկ իր գործողությունների լրջությունն ի ցույց դնելու
նպատակով, նաև լարվածություն հրահրում առաջնագծում:
Ադրբեջանը սահմանագծին լարվածություն հաղորդելով հետևյալ խնդիրներն է լուծում:
Առաջին` սպառնում է, որ Հայաստանի կողմից իր նոր նախապայմանների չկատարումը առաջնագծում կմեծացնի լարվածությունը՝ իր հետ բերելով սադրանքի ու ագրեսիայի տարբեր դրսևորումներ:
Երկրորդ` սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ ահաբեկչական գործիքակազմ կիրառելով փորձում է ազդեցություն ապահովել հայ հասարակության վրա:
Երրորդ` 44-օրյա պատերազմի, Հայաստանի դեմ իրականցված ագրեսիաների և օկուպացման քաղաքականության հետևանքները չմարսած, Ադրբեջանը փորձում է հոգեբանական գրոհներ իրականացնել ՀՀ զինված ուժերի վրա:
Իրավիճակն առավել անկանխատեսելի և անորոշ է դարձել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախ Հայաստանի իշխանությունը հրաժարվում է հրապարակայնություն ապահովել նույնիսկ բանակցված ու ստորագրման ենթակա փաստաթղթի հարցում՝ ահագնացնելով հանրության այն սպասումները, որ Հայաստանի համար հերթական կապիտուլյացիան է նախապատրաստվել:
Երկրորդ, Հայաստանի իշխանությունը թաքցնում է առաջնագծում առկա օբյեկտիվ իրադրությունը և հանրության որևէ էական տեղեկություն չի փոխանցում կուլիսներում ընթացող շփումների մասին։
Իշխանության մտահոգություններն, իհարկե, հասկանալի են: Բարդ և վտանգավոր է հանրությանն ասել այն իրականությունը, որը տարիներ շարունակ նենգափոխվել և լրիվ այլ նրբերանգներով է ներկայացվել:
Իշխանությունը խոստացել է բանակցել խաղաղության, իսկ իրականում ժամանակ է շահել՝ ապահովելու Ադրբեջանի պարտադրված պահանջները, որոնք գնալով առավել խոցելի են դարձրել Հայաստանն ու Հայաստանի քաղաքացուն:
Թուրք-ադրբեջանական բարեհաճության աղերսումն այս ընթացքում իշխանության համար ունեցել է մեկ նպատակ՝ սեփական անվտանգության և իշխանության երկարաձգման երաշխիքների ապահովում, որի դիմաց զիջվել է և ՛ ՀՀ ինքնիշխանությունը, և ՛ տարածքային ամբողջությունը, և ՛ ոտքի կանգնելու հնարավորությունը:
Սա ՛ է իշխանության հռչակած խաղաղության միֆը և նրա նկարած քարոզչական փուչիկը, որը ասեղի մեկ շարժումով առոչինչ է դառնում»:
--00—ՅՄ