Իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկեն լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

աա
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է Ազգային ժաղովում լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը: 
 
Պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ լրագրողները, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, պետք է պաշտպանված լինեն ցանկացած տեսակի անհարկի միջամտությունից կամ ճնշումից: Խորհրդարանում լրագրողների գործունեության համար սահմանված կանոնները չպետք է վերածվեն նրանց իրավունքների սահմանափակման կամ մասնագիտական գործունեության անհարկի միջամտության միջոցի:
 
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է պետության կողմից բնականոն և անխոչընդոտ լրատվական գործունեության ապահովումը: Իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ խոսքի ազատության անհարկի ու ոչ իրավաչափ սահմանափակման մասին:
 
Պաշտպանի հանձնարարությամբ մանրամասն ուսումնասիրվում են միջադեպի վերաբերյալ հրապարակային նյութերը և իր լիազորությունների շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր:



--00—ՍՊ