ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ժնևում հանդիպել է Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնազին և Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին:
Շառլ Պերսոնազը տնօրենին է փոխանցել ֆրանսիայում` Մատենադարանի վերականգնող մասնագետների վերապատրաստման պաշտոնական հրավերը, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2024 թ. նոյեմբերին Փարիզում կայացած հանդիպման ընթացքում: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Արա Խզմալյանը ներկայացրել է վերականգնման ոլորտում 2024-ին իրականացրած բարեփոխումներն ու ձեռքբերումները, մասնավորաբար` ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիայի ստեղծումը, նորագույն սարքավորումների ձեռքբերումը, նոր կադրերի պատրաստման նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի տրամադրած հաստիքները, վերականգնման թղթի արտադրամասի հիմնման ընթացքը, Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացող` Արցախում գրված ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի, ՅՈւՆԵՍԿՕ-ի աջակցությամբ Էրբիլի (Իրաք) ձեռագրական ժառանգության վերականգնման ծրագրերը: Տնօրենը շեշտեց, որ վերականգնման ոլորտի համակողմանի բարեփոխումները նպատակ ունեն Մատենադարանը դարձնելու միջազգային ձեռագրական ժառանգության վերականգնման գործընթացը համակարգող կառույց:
ԱԼԻՖ-ի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանը պատրաստակամություն է հայտնել հնարավոր բոլոր եղանակներով աջակցել գաղափարի իրականացմանը և համագործակցությունը սկսել Մատենադարանի արաբատառ ձեռագրերի հավաքածուի վերականգնման և ուսումնասիրման լաբորատորիա ստեղծելու ծրագրից:
Գործնական հաջորդ հանդիպումները տեղի կունենան ապրիլին, այնուհետև աշնանը` Մատենադարանում կայանալիք «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարի շրջանակում:
Հանդիպումը նախաձեռնել էր Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
--00—ՍՊ