ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Հայկական դեմոկրատիան առանձնապես չի տարբերվում և չի տարբերվելու ամերիկյան դեմոկրատիայից: Տրամաբանությունը նույնն է, միայն սուբյեկտի՝ էլիտայի, և օբյեկտի՝ դեմոսի (ժողովրդի) որակներն են տարբեր՝ պայմանավորված սոցիալ-տնտեսական և մշակութային առանձնահատկություններով, այս մասին գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։
«Ամերիկյան լիբերալ-դեմոկրատիայի կանոնները տարբեր ձևաչափերով տարածված են Սառը պատերազմում պարտված տարածքներում, այդ թվում Հայաստանում: Այդ կանոնների համաձայն՝ իշխանությունը միշտ ձևավորում է փողը և ով դրանից շատ ունի, նա էլ կրում է իշխանությունը: Մնացածը մասնակցային դեմոկրատիայի մասին ձանձրալի հեքիաթներ են՝ նախատեսաված թերուս կամ հացին կակա ասող մարդկանց բազմության համար: Սա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել:
Նմանատիպ համակարգերում միշտ դրական-բացասական սելեկցիայի խնդիր կա: Կյանքը ցույց է տալիս, որ բացասական սելեկցիան հատկապես ակնառու է ազատ շուկայի տնազ համարվող օլիգարխիկ համակարգերում, օրինակ՝ Հայաստանում, որտեղ բացասական սելեկցիան որոշակիորեն զսպվել է Ղարաբաղի պատճառով: 2018-ի հեղափոխությունը լուծեց նաև այդ խնդիրը՝ դեմոնտաժի ենթարկելով Ղարաբաղի գաղափարը և համակարգը բերելով դասական «բանանային հանրապետության» տրամաբանության:
Ուստի արտառոց ոչինչ չկա նրանում, որ վեցնոցը հերոս է հռչակել հարկ վճարողին: Բայց կա մի բայց. վեցնոցն այդ համակարգում տեղ չունի: Գաղափարազուրկ «բանանային հանրապետությունում» իշխանության հարցը լուծելու են ամենաշատ հարկ վճարողները, նույն ինքը՝ մեծահարուստները: Ստացվել է այնպես, որ ամերիկյան սելեկցիան մեծահարուստներ է դարձրել Դոնալդ Թրամփին ու Իլոն Մասկին, իսկ հայկական սելեկցիան՝ Սամվել Ալեքսանյանին, Գռզոյին և նմանատիպ այլոց:
Սա նույնպես իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել, ուստի և պետք է համակերպվել, որ «բանանային հանրապետության» տրամաբանությունը անպայմանորեն իշխանության է բերելու օրինակ՝ Գագիկ Ծառուկյանին (Գյումրիի ընտրության արդյունքը վկա): Հասարակությունը, որը ամենապատվարժան մարդ է հռչակում «Բազազ Արտեմին», այլ ճանապարհ չունի, քան ամեն օր աղոթի, որ իր ղեկավարը լինի ոչ թե Գռզոյի, այլ Իվանիշվիլու նման մեկը: Բայց քանի որ հայկականի դեպքում գործ ունենք նաև անկնհայտ ասիական ֆարսի հետ, ապա պետք է աղոթել, որ «բանանային հանրապետության» իշխանությունը լինի ոչ թե Սամվել Ալեքսանյան, այլ Արթուր Վանեցյան տեսակը՝ մի քիչ գեներալ, մի քիչ բիզնեսմեն, մի քիչ քաղաքական գործիչ, մի քիչ…։ Սա, իհարկե, լավագույն դեպքում:
Հ.Գ. Աղոթելն, անխոս, չի փրկելու, հատկապես, որ հայերի բախտը վերջերս չի բերում: Քանի կա «բանանային հանրապետությունը», Հայաստանը լավ օր չի տեսնելու»։
--00—ՅՄ