«Էրդողանը տարածաշրջանը տանում է դեպի անկայունացում»․ Իրանցի ցուցարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

էրդողան-1024x585
Մարտի 28-ին՝ մահմեդականների պահքի ամսվա՝ Ռամադանի վերջին ուրբաթ օրը հազարավոր մարդիկ հավաքվել էին Թեհրանի կենտրոնական փողոցներում՝ մասնակցելու «Ալ Ղոդսի» (Երուսաղեմ) օրվա ավանդական քայլարշավին, որով իրենց աջակցությունն ու համերաշխությունն էին հայտնում Պաղեստինի ժողովրդին։ Այդ օրը, բացի Իրանից մի շարք այլ իսլամական երկրներում ևս նշվում է որպես Պաղեստինի օր՝ նպատակ ունենալով ընդգծելու Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքներում կիրառվող բռնությունների դեմ համընդհանուր բողոքը։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։

Միջոցառումը վերածվել էր ոչ միայն կրոնական և քաղաքացիական քայլարշավի, այլև քաղաքական հարցերի վերաբերյալ տեսակետների արտահայտման հարթակի, որտեղ մարդիկ բարձրաձայնում էին իրենց անհամաձայնությունն Իսրայելի գործողություններին, քննադատում տարածաշրջանային լռությունը, գործողությունների բացակայությամբ սին հայտարարություններն ու ընդգծում տարբեր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի նշանակությունն ու դերը այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում՝ որպես Իրանի բարեկամ պետություն:

Այդ օրվա միջոցառումներին մասնակցելու և լուսաբանելու նպատակով Իրանի մշակույթի և հարաբերությունների կենտրոնի հրավերով Թեհրանում էր գտնվում նաև Region Monitor-ի թղթակիցը, որը զրուցել է ցույցի մասնակիցների հետ՝ հասկանալու և փոխանցելու համար նրանց տրամադրությունները, տեսակետները և ամենամյա ցույցերին մասնակցելու գլխավոր նպատակը:

Քայլարշավի ընթացքում որոշ մասնակիցներ բացահայտ դիրքորոշում էին հայտնում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ՝ մատնանշելով նրա վարած քաղաքականության ոչ հետևողական բնույթը։ Ցուցարարներից մեկը, որը բարձրացրել էր Էրդողանի լուսանկարը՝ «դիզլայքի» (Dislike)  նշանով, շեշտում էր, որ Թուրքիայի ղեկավարությունը տարածաշրջանի շահերը զոհաբերում է իշխող կուսակցական շահերի համար։

,



Թղթակցի այն հարցին, թե ինչ ուղերձ ունի Իսրայելի և Թուրքիայի առաջնորդների պատկերը մեկ կտավի վրա պարզելն ու Էրդողանի պատկերին ավելացված «դիզլայք» նշանը, երիտասարդ ցուցարարը՝ Ալին, պատասխանեց. 

«Ես առաջարկում եմ պարոն Էրդողանին, որ իր քաղաքական նկատառումներից ելնելով՝ հաշվի չառնի միայն իր կուսակցական շահերը, այլև հաշվի նստի տարածաշրջանի բոլոր երկրների շահերի հետ:

Որքան տարածաշրջանը հանդարտ լինի՝ Ռուսաստանից մինչև Հայաստան, Լիբանան և Սիրիա, այնքան երկրների տնտեսական զարգացումը վերելք կապրի»։

Բացի այդ Ալին նշեց, որ Էրդողանի որդեգրած քաղաքականությունը խաթարում է տարածաշրջանի կայունությունն ու խոչընդոտում տարածաշրջանի երկրների զարգացումը:

«Էրդողանը քաղաքական վայրիվերումներով տարածաշրջանը տանում է դեպի անկայուն վիճակի և լարվածությունների»։


--00--ԱՀ