Երևանում 3-ամյա երեխան թունավորվել է տաքսու վարորդի տված կոնֆետներից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

screenshot-2025-04-07-160641-770x

Երեկ՝ ապրիլի 6-ին, առեղծվածային թունավորման դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:35-ի սահմաններում «Մուրացան» մանկական հիվանդանոցից ՀՀ ներքին գրործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Լազոյի փողոցի շենքերից մեկից ըստ նախնական տեղեկությունների՝ մաքրող միջոցի համար նախատեսված հաբերն ուտելու հետևանքով «թունավորում քիմիական նյութով» ախտորոշմամբ մոր ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան 3-ամյա Արևիկ Հ.-ն է:

Պարզվել է նաև, որ ապրիլի 5-ին՝ կեսգիշերին մոտ, «Յանդեքս» ընկերության կողմից օգտագործվող «Opel» մակնիշի ավտոմեքենայով երեխայի 30-ամյա մայրը իր աղջկա հետ Գարեգին Հովսեփյան փողոցից ուղևորվել է դեպի Լազոյի փողոց, ճանապարհին էլ տաքսու վարորդը երեխային հյուրասիրել է անհայտ ծագմամբ, քիմիական բաղադրությամբ հաբ՝ որպես կոնֆետ, և այն ուտելուց հետո երեխան սկսել է թուլանալ, առաջացել է սրտխառնոց և հայրը կասկածել է, որ երեխան թունավորվել է, նրան շտապ տեղափոխել է հիվանդանոց:

Շենգավիթի ոստիկանները հսկայածավալ աշխատանքի արդյունքում հայտնաբերել են տաքսի ծառայության կողմից օգտագործվող ավտոմեքենան ու վարորդին, վերջինը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Արմեն Դ-ն, հրավիրվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ վերջինս խոստովանել է, որ ինքն է եղել վարորդը, կոնֆետը ինքն է հյուրասիրել, իսկ այդ կոնֆետները իրեն հյուրասիրել էին օտարերկրացի 2 քաղաքացի, որոնց ինքը չի ճանաչել, պարզապես որպես ուղևոր ճանապարհից վերցրել է:

Նրա ավտոմեքենայում Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են նաև օտարերկրացիների տված կասկածելի կոնֆետները:

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փախնցվել են ՀՀ քննչական կոմիտե Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ օտարերկրացիների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ։

--00—ՅՄ