ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Արմավիրի մարզում մարտի 5-ին Ռուսաստանում հայտնի գործարարի վրա ավտոմատով կրակոցներ արձակած կասկածյալը ՀՀ սահմանն անցնելիս բռնվել է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են նույն օրը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում 36-ամյա Հ. Հարությունյանի Jeep մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած, վերջինիս հրազենային վնասվածքներ պատճառած կասկածյալի ինքնությունը։
Ոստիկանների և քննիչների օպերատիվ գործողությունների արդյունքում կասկածյալ, նույն գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Ալավերդյանը ՀՀ սահմանը հատելու փորձ կատարելիս Տաշիրի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Փաստի առթիվ հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Հովհաննիսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակում նա ձերբակալվել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 5-ին հրազենի գործադրմամբ մահափորձ էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:40-ի սահմանում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 36-ամյա Հարություն Հարությունյանն է, ով ըստ բժիշկների՝ կատարվածի մասին ի վիճակի չէր բացատրություն տալու:
Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նույն օրը՝ ժամը 02:10-ի սահմանում, անհայտ անձը Աղավնատուն գյուղի Բարսեղ Ներսիսյան փողոցի 30 տան դիմաց ինքնաձիգից կրակոցներ էր արձակել Հ. Հարությունյանի ուղղությամբ:
Հ. Հարությունյանը եղել էր Jeep մակնիշի T 790 MB 777 RUS համարանիշի ավտոմեքենայով, որի վրա առկա էին եղել կրակոցի մի քանի հետքեր: Դեպքի վայրում էլ հայտնաբերվել էին ավտոմատից արձակված մեծ քանակությամբ պարկուճներ: