Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների 90 %-ն ապաքինվել է. բուժում է ստանում 5000 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

չինաստան

Ria.ru-ն, հենվելով ՉԺՀ-ի առողջապահության հարցերի պետական կոմիտեի տվյալների վրա, գրում է, որ Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդների թիվն օրեցօր նվազում է, ներկայում հիվանդանոցներում բուժում է ստանում 5 120 մարդ, ընդ որում՝ ընդհանուր վարակվածների գրեթե 90 տոկոսն առողջացել է: 

Ըստ աղբյուրի՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 81 093 է, որից 72 703-ը բուժվել է և դուրս են գրվել հիվանդանոցներից. սա վարակակիրների ընդհանուր թվի 89,65 տոկոսն է: Ընդհանուր առմամբ համաճարակը Չինաստանում 3270 մարդու կյանք է խլել․ մահացությունը երկրում կազմել է միջինը 4 տոկոս։

Համաճարակի օջախում՝ Հուբեյ նահանգում, հայտնաբերվել է վարակման 67 800 դեպք, 3153 մարդ մահացել է, մահացությունը կազմել է 4,65 տոկոս: Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում մահացությունը կազմել է 5 տոկոս։

Նշենք, որ ժամը 09:30-ի դրությամբ ամբողջ աշխարհում վարակվածների թիվը հասել է 344 000-ի, գրանցվել է 14751 մահ, 99247 մարդ բուժվել է, որից 72708-ը՝ Չինաստանում: Վարակը տարածված է 191 երկրում: