ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
«Կորոնավիրուսի հետ կապված իշխանությունն ամբողջ ինֆորմացիան րոպեների ընթացքում հասցնում է հանրությանը, ուստի կարծում եմ, որ անհանգստությունը մի քիչ ուռճացված է։ Հայաստանի իշխանությունները բաց են աշխատում, և ինչ-որ սահմանափակումների մասին խոսելն ու անհանգստանալն անտեղի է: Այս մասին «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:
«Մենք ունենք դեպք, երբ ադրբեջանցի հաքերները կոտրել են հայ օգտատիրոջ էջը և փորձել են խուճապ տարածել: Մենք պետք է սա նաև հաշվի առնենք»,- նշեց նա:
Ալեն Սիմոնյանը ընդգծեց, որ Հայաստանն այն երկրներից է, որն ինֆորմացիոն առումով ամենաբացն է:
Այն հարցին, թե հնարավոր են նոր խստացումներ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ցանկացած խստացում պետք է արդարացված լինի:
«Մենք պետք է լինենք զգույշ, բայց միևնույն ժամանակ մտածենք, թե ինչպես ենք շարունակելու մեր կյանքը, մեր բնականոն գործունեությունը: Խստացումները կարվեն ըստ անհրաժեշտության»-ասաց Ալեն Սիմոնյանը: