ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Կատալոնական «Բարսելոնա»-ն կկորցնի մոտ 20 միլիոն եվրո, եթե Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը շարունակվի առանց հանդիսականների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Marca-ն:
Ըստ պարբերականի «կապտանռնագույնները» «Նոու Կամպ» մարզադաշտում անցկացրած ամեն խաղում կորցնելու են 3,3 միլիոն եվրո միայն տոմսերի վաճառքից:
Իսկ ակումբի ընդհանուր ֆինանսական կորուստը կազմելու է մոտ 20-25 միլիոն եվրո:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանարվում, որ Իսպանիայի ֆուտբոլի ասոցացիան և Լա լիգայի ղեկավարությունն առաջնությունը շարունակելու երեք տարբերակ են քննարկում: Եթե ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակն առաջիկայում դրական փոփոխություն ունենա, ապա առաջնությունը կարող է վերսկսվել մայիսի կեսին և եզրափակվել հուլիսին: Երկրորդ տարբերակով մտադրություն կա առաջնությունը շարունակել ամռանը և ավարտել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Եվ երրորդ տարբերակը համարվում է ամենածայրահեղը` առաջնությունը կարող է վերսկսվել միայն սեպտեմբերին: