ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
Մոսկվան և Անկարան սերտ գործընկերներ են, որ ի վիճակի են ճկուն և պրագմատիկ մոտեցում ցուցաբերել՝ միմյանց հետ փոխգործակցության մեջ առաջնորդվելով ռազմավարական տեսլականով։ Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Լեռնային Ղարաբաղի դեպքում իրավիճակն էականորեն տարբերվում է, ինչի մասին ես մասամբ խոսել եմ նախորդ հարցերի պատասխաններումս։ Կրկնեմ, որ երբեք չենք էլ թաքցրել և չենք թաքցնում, որ չենք սատարում ճգնաժամի ուժային կարգավորման ճանապարհը և ձգտում ենք մարտական գործողությունների արագ դադարեցմանը»,- նշել է Լավրովը։
Ըստ ՌԴ ԱԳ նախարարի կարևոր է, որ արտաքին գործընկերներն անվերապահորեն հարգեն կրակի դադարեցման, վերահսկողական մեխանիզմի ստեղծման և կոնկրետ գրաֆիկով բովանդակային բանակցային գործընթացի վերականգնման պայմանավորվածությունը։
«Թեպետ կայուն հրադադարի անմիջապես հասնել չհաջողվեց, մենք կշարունակենք տարածաշրջանում մեր ունեցած ամբողջ ազդեցությունը գործադրել, աշխատել թուրք գործընկերների հետ, որպեսզի կանգնեցնենք ռազմական սցենարի հետագա ծավալումը, կողմերի միջև երկխոսություն հաստատենք և համոզենք Բաքվին ու Երևանին նստելու բանակցային սեղանին»,- նշեց նա։
--00--ԱՀ