ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Դեկտեմբերի լույս 21-ի գիշերը Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացնելիս, համագործակցելով Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի և Կապանի բաժինների, ինչպես և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ, իրականացրել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կապանի բաժին բերման է ենթարկվել Ախալքալաքի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։
«Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավոտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է ափիոնի նմանվող զանգվածներով երեք փաթեթ՝ ընդհանուր 2 կիլոգրամ 950 գրամից ավելի քաշով։ Փաթեթները թաքցված են եղել բեռնախցիկի դռան մեջ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 33-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
--00—ԼՄ