ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Թուրքիայում Բողազիչի համալսարանի նորանշանակ ռեկտորի դեմ կազմակերպված բողոքի ակցիաները շարունակվում են: Ցույցերի հետևանքով բազմաթիվ ուսանողներ են ձերբակալվել: Ի նշան բողոքի քաղաքացիները Ստամբուլում պատերին գրություններ են թողել, պահանջելով ազատ արձակել կալանավորված ուսանողներին: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Թուրքական ընդդիմադիր «Gazete Duvar» թերթի հաղորդմամբ՝ Թուրքիայի իրավապահ մարմինները հայտնաբերել և ձերբակալել են նաև պատերին գրություն թողած 5 ուսանողի:
Հաջակցություն անազատության մեջ գտնվող ուսանողների՝ պատերին գրել էին.
«Ազատություն համալսարանին, երկրին և Շիլանին (կալանավորված ուսանողներից մեկը)», «Մենք նրանց ազատություն ենք խոստացել», «Համալսարանը հայրենիք է»:
Հիշեցնենք, որ ցուցարարների գլխավոր պահանջը դրսից նշանակված ռեկտորի հրաժարականն ու ընտրություններ անցկացնելն է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Բողազիչիի համալսարանի ռեկտորի նշանակման դեմ բողոքի ցույցեր իրականացնող ուսանողներին և դասախոսներին մեղադրում է ահաբեկչության մեջ։
Փետրվարի 2-ի երեկոյան զանգվածային ձերբակալություններից հետո ուսանողները և նրանց սատարողները շարունակում են իրենց բողոքի ակցիաները ոչ միայն Ստամբուլում, Անկարայում, այլև երկրի այլ քաղաքներում, նաև երկրից դուրս։ Սոցիալական հարթակներում նրանց սատարողների մեջ է նաև պոլսահայ մտավորականությունը։
Նշենք, որ Թուրքիայում կան հազարավոր կալանավորված և դատված ընդդիմադիր ուսանողներ: Նրանց թիվը 2019թ դրությամբ կազմում էր 36.300։
Բողազիչիի համալսարանը տարածաշրջանում հեղինակավոր համալսարաններից մեկն է, որտեղ կրթություն է ստանում շուրջ 16 000 ուսանող։ Ակադեմիական լեզուն Բողազիչիում անգլերենն է։ Համալսարանը հայտնի է որպես երկրի ամենաառաջադեմ կրթական հաստատություններից մեկը։ Նորանշանակ ռեկտորն ասել է, որ առաջիկայում նպատակ ունի համալսարանը ընդգրկել աշխարհի լավագույն 100 համալսարանների ցանկի մեջ։
--00—ՄՀ