ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Կիևում կայացել է Ուկրաինայի հայերի միության 2021 թվականի առաջին համաժողովը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով AnalitikaUA.net-ը, համաժողովի հանդիսավոր մասում տեղի է ունեցել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի պարգևատրումը` «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի համար: Պատվավոր մրցանակը հանձնել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:
«Hyatt» հյուրանոցում տեղի ունեցած համաժողովի գլխավոր թեմաներն էին Կիեւում եւ Երեւանում Ուկրաինայի հայերի միության օպերատիվ շտաբների աշխատանքի արդյունքները, Երեւանում սքեյթ-այգու բացումը, Ուկրաինայում եկեղեցիների կառուցումն ու վերականգնումը, խաչքարերի տեղադրումը, այս տարի Ուկրաինայի հայերի միության 20-ամյակի տոնակատարությունը եւ այլ հարցեր:
Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է Կիևում և Լուցկում եկեղեցիների կառուցման ընթացքը:
Տարածաշրջանային համայնքների ղեկավարները, հոգևորականները և դիվանագետները քննարկել են Ուկրաինայի հայ երիտասարդների միության, Ուկրաինայի հայ բժիշկների միավորման, Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային կոմիտեի նախագծերը:
Միջոցառման եզրափակիչ մասում համաժողովի պատվիրակները ամփոփել են արդյունքները և քննարկել կազմակերպության աշխատանքային նախագիծը:
--00—ՄՀ