ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Ստեփանակերտում ստեղծված քաղաքացիների ընդունելության կետը շարունակում է իր աշխատանքը, գործում է նաև անհետ կորած զինծառայողների որոնման, մարդասիրական օգնություն ցուցաբերելու, աշխատանքի տեղավորման աջակցության և այլ խնդրահարույց հարցերի վերաբերյալ տեղեկությունների ստանալու համար թեժ գիծ։
Ըստ գերատեսչության՝ մինչ օրս օգնության ստանալու խնդրանքով քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ավելի քան 3,5 հազար մարդ, 800-ը՝ թեժ գծի միջոցով։ Հեռախոսով կամ անձամբ դիմումներ ստացող հերթապահ սպաներն անպայման ճշտում են խնդրի բնույթը, հարազատներից պարզում են զինծառայողի անհետացման ենթադրյալ շրջանի մասին տեղեկությունները, գրանցում նրանց կոնտակտային տվյալները:
Անհետ կորածների որոնման միջոցառումները հետագայում անց են կացվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ: Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում են համատեղ որոնողական խմբերին։
ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ մարդասիրական արձագանքման կենտրոնը ձեռնամուխ է եղել հասցեական մարդասիրական օգնության առաքմանը։ Մախօրեին ավելի քան 650 կգ մարդասիրական օգնություն է փոխանցվել Ստեփանակերտում բնակվող բազմազավակ ընտանիքներին և հարկադիր վերաբնակներին:
--00—ԼՄ