ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
«Փաստինֆո»-ի տեղեկությունների համաձայն՝ Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման որոշման դեմ բողոքի քննարկումը ձգձգվում է, թեև ենթադրում է հրատապ քննություն։
Ըստ աղբուրի՝ դատավորները ուժեղ ճնշման տակ են, որոնց առաջ պահանջ է դրվել կալանավորել Արմավիրի նախկին քաղաքապետին՝ անկախ հիմքերի բացակայությունից։ Նախաքննական մարմինը փորձում է գտնել «հարմար» դատավոր, որը պատրաստ է դակել իրենց միջնորդությունները։
Աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ ձերբակալելու որոշման դեմ փաստաբանի բողոքը մակագրվել է մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին, սակայն քննությունն այդպես էլ տեղի չի ունեցել, քանի որ քննիչը դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն է ներկայացրել՝ կասկածելով, որ դատավորը կարող է ինքնուրույնություն ցուցաբերել։
Փաստաբան Արսեն Սարդարյանը «Փաստինֆո»-ին հայտնել է տեղեկությունը, որ քննիչն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ նշելով, որ դատարանը դեռևս գտնվում է խորհրդակցական սենյակում, սպասում են դատարանի որոշմանը։
Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է երեկ՝ 22.25-ի սահմաններում, մինչև այդ փաստացի՝ արգելանքի են վերցրել 17.30-ին, սակայն վարույթ իրականացնող մարմնի ներկայացուցիչներն արձանագրել են 18։30-ին։ Խլղաթյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի երկրորդ մասի կասկածանքով՝ ընտրակաշառք բաժանելու փորձի կասկածանքով։
Փաստաբան Արսեն Սարդարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Խլղաթյանին մեղադրանք չի առաջադրվել։ Ըստ նրա՝ առերևույթ կասկածանքն անհիմն է, որևէ փաստական տվյալ չկա և չի կարող լինել, որովհետև իր վստահորդն անմեղ է և նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Հարցին՝ արդյո՞ք Խլղաթյանի դեմ ցուցմունք կա, փաստաբանը նշեց, որ, եթե այդպիսին լինի, կլինի կեղծ ցուցմունք, բայց նման տեղեկություն չունեն։
Փաստաբանն ընդգծեց, որ կասկածանքը որևէ փաստական տվյալով ամրագրված չէ և քննությունն ի սկզբանե ցույց է տվել ուղղորդվածությունը, ավելին, նույնիսկ փաստաբանների՝ մուտք գործելը եղել է ՄԻՊ-ի միջնորդությամբ, իսկ ձերբակալությունը եղել է ինքնանպատակ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
--00—ԼՄ