ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News
Առցանց հայտագրումից հետո առաջին դասարան հաճախող երեխաների՝ դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը ծնողները պետք է ուսումնական հաստատություն ներկայացնեն` համաձայն 1640-Ն հրամանով սահմանված կարգի։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է`
- Դիմում` ուղղված տնօրենին:
- Երեխայի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը։ Տնօրենի «Իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ պատճենը պահպանվում է սովորողի անձնական գործում:
- 2 լուսանկար՝ 3x4 չափսի:
«ԿԳՄՍ նախարարությունը ստացել է ահազանգեր, որ որոշ դպրոցներ պահանջում են բժշկական տեղեկանք, երեխայի առցանց հայտագրման ծածկագիրը (կոդը) և այլն։
Ուշադրությո՛ւն․ դպրոցը, բացի վերոնշյալ փաստաթղթերից, իրավունք չունի պահանջելու որևէ այլ փաստաթուղթ։
Ծնողները փաստաթղթերը կարող են դպրոց ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր»,- ասված է հաղորդագրության մեջ:
--00—ՄՀ