ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել հանրային տրանսպորտի աշխատանքի մասին․
«Ամփոփելով Երևանի հանրային տրանսպորտի հետ կապված այսօրվա իրադարձությունների արդյունքները՝ հայտնում ենք.
- Քաղաքապետարանի ենթակայության տակ գործող տրանսպորտի վարորդների հետ համապատասխան ստորաբաժանումների քննարկումների արդյունքում վարորդները վերադարձել են աշխատանքի:
- Վարորդների աշխատանքային պայմանների շարունակական բարելավման խնդիրը քաղաքապետարանի օրակարգում է: Քաղաքային իշխանությունն արդեն իսկ գործուն քայլեր արել է և շարունակելու է անել այդ ուղղությամբ:
- Քաղաքային իշխանությունը հետեւողականորեն իրականացնում է մեր մայրաքաղաքի համար կենսական կարեւորություն ունեցող տրանսորտային բարեփոխումը՝ ստեղծելով անվտանգ, ժամանակակից, հարմարավետ եւ արժանապատիվ տրանսպորտ երեւանցիների համար: Այս գործընթացում հնարավոր կնճիռներն ու խոչընդոտները չեն կարող շեղել քաղաքային իշխանությանը դրված նպատակի իրագործումից:
- «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել»:
Հիշեցնենք, որ այսօր՝ առավոտվանից, հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ որոշել էին գիծ դուրս չգալ վարորդների բոյկոտի պատճառով։ Նրանք պահանջում էին աշխատանքային պայմանների բարելավում, աշխատավարձի բարձրացում, ինչպես նաև վերադարձ վճարման նախկին՝ «սև» համակարգին։
--00—ԼՄ