ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ևս երկու ամսով երկարացնելու Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքը։ Այս մասին 24News-ին ասաց Ասլանյանի փաստաբան Արտակ Ոսկանյանը։
Կալանքի միջնորդության քննության նիստը նշանակված է փետրվարի 8-ին։
Փետրվարի 4-ին ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Վանաձորի նախկին համայնքապետին առաջադրված մեղադրանքը լրացվել է և նոր մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (7 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) և 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Իսկ թե ինչու է կալանքը երկարացնելու միջնորդություն ներկայացվել, փաստաբանն ասաց. «Նույն հիմնավորումներով, ինչպես նախկինում։ Մեղադրանքը լրացրել են, մի քանի էպիզոդներ ավելացրել են, մեղադրանքը լրացումը որպես հիմք են նշել կալանքը երկարացնելու միջնորդության համար»։
«Քննչական մարմնի մեղադրանքի հիմքում դրված է այն, որ Մամիկոն Ասլանյանի կայացրած որոշումներն իրավաչափ չեն։ Սահմանադրական դատարանի վճռով բազմաթիվ որոշումներ կան, որ քանի դեռ չկա վարչական դատարանի որոշում, վարչական ակտը համարվում է իրավաչափ, իսկ այսօր քննչական մարմինը յուրացրել է վարչական դատարանի լիազորությունները, որովհետև մեղադրանքը, ըստ էության, իրենից վարչական դատարանի վճիռ է ներկայացնում։ Իրենք գտնում են, որ համայնքի ղեկավարի որոշումն իրավաչափ չէ, ու դա է մեղադրանքի հիմքը», - եզրափակեց Ասլանյանի շահերի ներկայացուցիչը։
Ուրբաթ տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ Ասլանյանը 2019-2021 թթ.-ին, իր ստորագրությամբ հաստատելով Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի կողմից կազմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանքն այն մասին, որ որոշ հողամասեր ընդգրկված չեն ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված սահմանափակումների ցանկում, համայնքապետի համապատասխան որոշումների հետ միասին ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանում, որոնց հիման վրա գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը հիշյալ հողատարածքների նկատմամբ, նպատակային նշանակությունը ձևակերպվել է բնակելի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման և հողատարածքներն ընդգրկելով համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում՝ Վանաձորի համայնքապետարանում կազմակերպել է աճուրդներ, իսկ որոշ դեպքերում էլ ուղղակի վաճառքով իր որոշումներով դրանք օտարել է իր կողմից նախընտրելի անձանց:
Սերգեյ Առաքելյան
--00—ԼՄ