ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի որոշումը ընտրանու կազմում կարիերան ավարտելու մասին ցույց է տալիս, որ հայ կիսապաշտպանը ընտրանուց հեռանում է փառքի գագաթնակետին հասած:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան, Հայաստանի Մ19 և Մ21 տարեկանների ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը:
«Հենրիխի նման ֆուտբոլիստները, ովքեր աշխարհում մեծ ճանաչում ունեն, հեղինակություն են, օրինակ են երիտասարդ ֆուտբոլիստների համար: Այն ժամանակ, երբ ես էի խաղում հավաքակում, ինձ համար էլ օրինակ էին արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստները: Երիտասարդ ֆուտբոլիստները միշտ էլ սորովում են իրենցից տարիքով մեծ ֆուտբոլիստներից` Հենրիխն այդպիսի օրինակ էր հավաքականում»,-ասաց Ոսկանյանը:
Վերջինս շեշտեց նաև, որ Մխիթարյանն օրինակելի էր ոչ միայն խաղադաշտում, այլ նաև իր ապրելակերպով:
«Հիմա հասել է այդ պահը, գուցե ինքն էլ է գիտակցում, որ ժամանակն է: Հավաքականում Մխիթարյանի դիրքում, նոր երիտասարդ, հեռանկարային ֆուտբոլիստներ կան: Մխիթարյանը որոշեց փառքով, բարձր մակարդակի վրա ավարտել կարիերան հավաքականում: Սակայն, սա բոլորիս համար մեծ կորուստ է»,-ասաց Ոսկանյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտնել է հավաքականում իր ելույթներն ավարտելու մասին: « Իմ ֆուտբոլային սկիզբը կերտվել է Հայաստանում՝ իմ հայրենիքում, և ես հավերժ երախտապարտ կլինեմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ, ովքեր մարզել ու կրթել են ինձ, ում հետ ես խաղացել եմ և վերջապես յուրաքանչյուրին, ով նպաստել է իմ՝ որպես ֆուտբոլիստ և որպես մարդ, կայացմանը։Հաջողություններ իմ ազգային հավաքականին: Ընդմիշտ ձեր՝ Հենո»,- ասված է՝ Մխիթարյանի հայտարարության մեջ:
Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: Նրա դեբյուտը հավաքականում կայացել է 2007 թվականի հունվարին: Մխիթարյանը հանդես է եկել Եվրոպայի լավագույն լիգաներում: Նա եղել է «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» (2016-2018) ֆուտբոլիստ: Նա 2017 թվականի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Եվրոպայի լիգայի եզրափակիչում գոլի է խփել՝ դրանով իսկ դառնալով եվրոպական խոշոր գավաթ նվաճած առաջին հայ ֆուտբոլիստը։
--00--ՍԳ