Երևանում Մոսկվայի տանը քննարկել են ռուսաց լեզվի դասավանդման արդի հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Screenshot_4

Երևանում Մոսկվայի տանը տեղի ունեցավ «Ռուսերենի ժամանակակից ուսուցումը որպես օտար լեզու» թեմայով երկօրյա գիտաժողովը։ Դրան մասնակցել են շուրջ 50 ռուսաց լեզվի դասախոսներ Ռուսաստանից և Հայաստանից՝ ներկայացնելով երկու երկրների առաջատար համալսարաններն ու գիտական ​​միավորումները։ Միջոցառումը կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչությունը և Մոսկվայի հայրենակիցների տունը։

Կոնֆերանսի մասնակիցները քննարկեցին ռուսաց լեզվի ուսուցման և դասավանդման արդիական հարցեր՝ ներկայացված ժամանակակից տարբեր տեսանկյուններից, օրինակ, էլեկտրոնային դասագրքերի և ինտերակտիվ ռեսուրսների օգտագործումը ռուսաց լեզվի դասավանդման համար, խառը լսարանում ռուսախոսների հետ աշխատելու առանձնահատկությունները և այլն: Նրանք մասնակցել են նաև գործնական պարապմունքներին հետևյալ թեմաներով՝ «Կինոմանկավարժությունը ռուսաց լեզվի ուսուցման մեջ և գրքի թրեյլերի ստեղծում», «Երաժշտական հյուրա​​սրահ` ժամանակակից բուհում ռուսաց լեզվի դասընթացներին» և այլն:

Բացելով կոնֆերանսը՝ «Մոսկվայի հայրենակցի տուն» պետական ինքնավար հաստատության մասնաճյուղ՝ «Երևանում Մոսկվայի տան» կառավարիչ Հայկ Մելիքյանն ընդգծեց, որ դրա նպատակն է էլ ավելի զարգացնել ռուս-հայկական երկխոսությունը կրթության ոլորտում։ «Շատ կարևոր է, որ ռուսերենի մասնագետները շփվեն միմյանց հետ և կիսվեն իրենց փորձով, ծանոթանան ռուսաց լեզվի դասավանդման նոր միտումներին և մեթոդներին, ինչը կօգնի բարելավել ռուսաց լեզվի ուսուցման որակն ու մակարդակը»,- ընդգծեց Հ․ Մելիքյանը՝ հավելելով, որ նման միջոցառումներ Երևանում Մոսկվայի տանը հնարավորինս հաճախ կանցկացվեն։

«Երևանն իմ մանկության քաղաքն է, իմ սիրելի քաղաքը։ Այստեղ եմ ես մեծացել և գնացել դպրոց։ Բայց այնպես է ստացվել, որ 40 տարուց ավելի է, ինչ ապրում եմ Մոսկվայում, և, իհարկե, միշտ մեծ հաճույքով եմ վերադառնում Երևան։ Ուրախ եմ, որ մենք կարողացանք այստեղ գալ դասախոսական մեծ թիմով: Մենք գիտակցում ենք, թե որոնք են ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման խնդիրները և այդ պատճառով բերել ենք մեզ հետ տարբեր պրակտիկաներ և ցանկանում ենք կիսվել ձեզ հետ մեր փորձով և գիտելիքներով: Մենք երախտապարտ ենք Մոսկվայի կառավարությանը և Երևանում Մոսկվայի տանը, որտեղ այժմ գտնվում ենք, նման հնարավորության համար, քանի որ մեր ժամանակներում ամենակարևորը մարդկային շփումներն են»,- իր հերթին նշել է կոնֆերանսի խոսբակներից մեկը՝ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի Լեզվադիդակտիկայի և երկլեզվության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, մ․գ․դ. Ելիզավետա Խամրաևան։

«Ես աշխատում եմ բաց չթողնել նման միջոցառումները և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին և բանախոսներին, ովքեր այսօր Երևանում Մոսկվայի տանն անցկացնում են այս կոնֆերանսը։ Իսկապես, նման հանդիպումները շատ կարևոր են հատկապես ռուսաց լեզվի ուսուցման մակարդակի բարձրացման համար, քանի որ աշխարհը փոխվում է, փոխվում է սոցիալեզվաբանական մշակույթը և անհրաժեշտ է, որպեսզի հայ դասախոսները ծանոթանան դասավանդման ժամանակակից մեթոդներին։ Հուսով եմ, նման միջոցառումները շարունակական կլինեն, և մենք կկարողանանք համատեղ արդյունավետ աշխատանք տանել»,- ասաց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Լուիզա Սարգսյանը։

Կոնֆերանսի բանախոսներն էին նաև Ռուսաստանի թարգմանիչների միության նախագահ, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի Դոբրոդոմովի անվ․ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ Օլգա Իվանովան, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի Լեզվադիդակտիկայի և երկլեզվության ամբիոնի դոցենտ, «Պրոսվեշչենիե» հրատարակչության առաջատար խմբագիր Ռունա Սադիկովան, Ռուսաստանի Ա. Հերցենի անվ․ պետական մանկավարժական համալսարանի գիտաշխատող, մ գ․թ․ Տատյանա Շորինան:

Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։

--00—ՅՄ