ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News
Մայրերի տոնին նվիրված գրական-երաժշտական երեկոյի ընթացքում Երևանում «Մոսկվայի տան» համերգասրահի բեմից հնչեցին երգեր և բանաստեղծություններ՝ նվիրված մայրերին, բարուն և հույսին։
«Քո կյանքը հյուսելու համար, ես թաքուն արձակում եմ իմը» խորագրով միջոցառումը կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչությունը, Մոսկվայի հայրենակիցի տունը, Երևանում Մոսկվայի տունը և Հայաստանում «Ուղղափառ կանանց միությունը»։
Համերգի սկզբում ողջույնի և օրհնության խոսքերով ներկաներին դիմեց Երևանյան-հայոց թեմի ժամանակավոր կառավարիչ Պոդոլսկի և Լյուբերցի արքեպիսկոպոս Ակսին, ընդգծելով նման միջոցառումների կարևորությունը ընտանեկան արժեքների և մայրության կարևորության վրա հասարակության ուշադրությունը հրավիրելու համար։ «Երջանիկ է այն մարդը, ով արդեն մեծ տարիքում կարող է բարի խոսքեր ուղղել իր կյանքի գլխավոր մարդկանց՝ ծնողներին, առավել ևս՝ մորը։ Մեր մայրերի համար մենք միշտ երեխաներ ենք մնում, նույնիսկ արդեն հասակն առած, ալեհեր, տարիքի և կենսափորձի բերումով գլխից մազերը կորցրած։ Եվ այս ամենը բխում է սիրառատ մայրական սրտից»,- ընդգծեց սրբազանը։
«Համառուսական տոնի՝ Մայրության օրվա շրջանակներում, մենք որոշեցինք մեր համեստ ներդրումն ունենալ մայրության, ընտանեկան արժեքների և բարի ավանդույթների խթանման գործում, ինչը, մեր կարծիքով, հատկապես կարևոր է մեր քաոսային ժամանակներում։ Բացի այդ, նման երեկոները լավ հնարավորություն են երիտասարդ կատարողների համար՝ իրենց արվեստը մեծ բեմից ներկայացնելու համար։ Կցանկանայի հուսալ, որ մենք կարողացանք հանդիսատեսին փոխանցել ընտանիքի, ծնողների հանդեպ սիրո և հոգատարության կարևորության գաղափարը։ Ի դեպ, սա մեր առաջին միջոցառումը չէ, որն անցկացվում է Երևանում Մոսկվայի տանը, և հուսով եմ, Աստծո օգնությամբ այս համագործակցությունը կշարունակվի»,- մեզ հետ զրույցում նշեց «Ուղղափառ կանանց միություն» միջազգային հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Անահիտ Գրիգորյանցը, որը Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հրամանագրով պարգևատրվել է Մայրության Հայրապետական կրծքանշանով։
Երեկոյի հյուրերը ծանոթացան նաև Կերպարվեստի միջազգային մրցույթի պատանի դափնեկիրների նկարների ցուցահանդեսին։
--00—ՅՄ