Երևանում Մոսկվայի տանը անցկացվեցին ռուսաստանյան կինոյի օրեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Նատալյա Գվոզդիկովան, Մարինա Յակովլևան, Լյուբով Ռուդենկոն, Տատյանա Կոլգանովան և ռուսաստանյան կինոյի այլ աստղեր մասնակցեցին նոյեմբերի 13-17-ը Երևանում Մոսկվայի տանը կայացած «Ռուսաստանյան կինոյի օրեր» կինոփառատոնին։

Միջոցառման շրջանակներում երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը կարողացան ծանոթանալ ռուսաստանյան նորագույն ֆիլմերին ու շփվել կինոգործիչների հետ։

Ամփոփելով կինոփառատոնի աշխատանքները՝ պրոդյուսեր, մի շարք կինոփառատոների նախագահ Սերգեյ Նովոժիլովն ընդգծեց այս միջոցառման կարևորությունն ու նշանակությունը ոչ միայն երկու երկրների կինոգործիչների, այլև հայ հանդիսատեսի համար։ «Այս հինգ օրվա ընթացքում հանդիպեցինք ու զրուցեցինք մեր հայ գործընկերների հետ, մեկնեցինք Հայաստանի հարավ՝ Կապան քաղաք, որտեղ ևս ցուցադրեցինք մեր ֆիլմերը։ Մեր այցը շատ հագեցած էր ու կարևոր մեզ համար։ Հուսով եմ, նման հանդիպումներն ավանդական կդառնան և հաջորդ տարի կրկին կկարողանանք ձեզ մոտ գալ», - նշել է նա՝ շնորհակալություն հայտնելով Մոսկվայի կառավարությանը նման լայնածավալ կինոդիտումներ անցկացնելու հնարավորության համար։

Նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՌԴ վաստակավոր արտիստ, Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնի դերասանուհի Լյուբով Ռուդենկոն, Սանկտ-Պետերբուրգի մեծ դրամատիկական թատրոնի դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ  Միխայիլ Մորոզովը, թատրոնի և կինոյի դերասան Սերգեյ Վարչուկը և երգիչ Վադիմ Կապուստինը։ Երեկոն վարեց դերասան Մաքսիմ Կոլոսովը։

«Այսօր առաջին անգամ բախտ ունեցա վայելելու երևանյան հանդիսատեսի ջերմությունն ու սերը, թեև մինչ այս շատ էի լսել երախտապարտ ու բարեհաճ հայ ժողովրդի մասին։ Ի դեպ, այդ մասին ինձ շատ է պատմել Արմեն Ջիգարխանյանը, ում հետ ոչ միայն խաղացել եմ թատրոնում ու կինոյում, այլև ունեցել եմ ջերմ ընկերական հարաբերություններ։ Ինձ ոչ պակաս տպավորեց Երևանում Մոսկվայի տունը, որտեղ զգացի այն մթնոլորտը, որը բնորոշ է իսկական հյուրընկալ տանը։ Այս ամենը, իհարկե, հիանալի է, քանի որ երկար ժամանակ մեր ժողովուրդներն ապրել են որպես մեկ մեծ ընտանիք, ու հիմա էլ զգում ենք մշակույթներով փոխանակվելու կարիքը։ Եվ ներկայիս կինոփառատոնն այս առումով լավ օրինակ է», - մեզ հետ զրույցում նշեց Լյուբով Ռուդենկոն։

Արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պալտովը՝ ընդգծելով, որ նման միջոցառումների ժամանակ կարելի է ստանալ բարության այն չափաբաժինը, որը թույլ է տալիս մեզ մարդ զգալ և հասկանալ միջանձնային հաղորդակցության արժեքը։ «Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը հարուստ ավանդույթներ ունեն, որոնք կարող են ապագա ֆիլմի հիմք դառնալ, և գուցե Սերգեյ Նովոժիլովը կզբաղվի դրանով։ Ամեն դեպքում, դա հիանալի կլիներ: Առավել ևս, որ մեր հարաբերություններում մշակութային և հումանիտար բաղադրիչը մեծ դեր ունի», - ասաց նա։

Փակման արարողությանը ներկա էին ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, Մոսկվայի հայրենակցի տան և ռուսաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ։

Պաշտոնական մասից հետո տեղի ունեցավ «Տարվա եղանակներ» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի պրոդյուսեր Քսենյա Պուշկինան հայտնեց, որ սկսնակ կինոռեժիսոր, գեղասահքի աշխարհի չեմպիոն և օլիմպիական խաղերի մեդալակիր Մաքսիմ Շաբալինի դեբյուտային ֆիլմը էկրան կբարձրանա 2025-ի հունվարին։

Կինոփառատոնը կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչությունը, Մոսկվայի հայրենակցի տունը և Երևանում Մոսկվայի տունը։

--00—ՅՄ