ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Երևանում Մոսկվայի տանը հնչել են սիրված երգեր Երևանի ու Մոսկվայի մասին, ինչպես նաև աշխարհահռչակ հիթեր։ Հայաստանի մայրաքաղաքի 2806-ամյակին նվիրված միջոցառումը կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչությունը, «Մոսկվայի հայրենակցի տունը» և Երևանում Մոսկվայի տունը։
Բացելով երեկոն՝ «Մոսկվայի հայրենակցի տան» մասնաճյուղ` Երևանում Մոսկվայի տան կառավարիչ Հայկ Մելիքյանը շնորհավորեց հավաքվածներին՝ ընդգծելով, որ Երևանն ու Մոսկվան կապված են դարավոր եղբայրական սերտ կապերով և անխախտ բարեկամությամբ: «Շատ ուրախ եմ, որ այս նշանակալից օրը Մոսկվայի տանը նշում ենք Երևանի օրը։ Այս առանձնահատուկ օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի մայրաքաղաքի տոնի առթիվ և ի սրտե մաղթում նրան հետագա բարգավաճում»,- ասաց նա։
«Երևանում Մոսկվայի տանը Ռուսաստանի մայրաքաղաքի օրերն արդեն բարի ավանդույթ են դարձել, և այսօր այստեղ կայացավ Երևանի ծննդյան տոնակատարության «պրեմիերան»։ Ուզում եմ մաղթել 2806-տարեկան Երևանին նույնքան տարիների բարօրություն, որպեսզի նա մեզ շարունակի գոհացնել իր գեղեցկությամբ, լավ եղանակով և իր բնակիչների բարեհամբույր վերաբերմունքով։ Առհասարակ, Երևանում Մոսկվայի տան գլխավոր գործառույթներից մեկը մեր հրաշալի մայրաքաղաքների միջև բարիդրացիական հարաբերությունների պահպանումն ու զարգացումն է։ Ցանկանում եմ շնորհավորել բոլոր երևանցիներին այս տոնի առթիվ և մաղթել ամենայն բարիք»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։
«Վստահ եմ, որ Երևանում Մոսկվայի տանը մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան օրը նշելը բարի ավանդույթ կդառնա։ Նման հրաշալի իրադարձությունները մեզ թույլ են տալիս ավելի մոտ լինել միմյանց և ծանոթանալ միմյանց մշակույթին: Իհարկե, դա շատ կարևոր է, քանի որ մենք բարձր ենք գնահատում համագործակցությունը Մոսկվայի հետ։ Եվ այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս երեկոյի բոլոր կազմակերպիչներին։ Իսկ բոլոր երևանցիներին ցանկանում եմ մաղթել առողջություն, խաղաղություն և բարեկեցություն»,- իր հերթին ասաց Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը։
Համերգի ընթացքում ելույթ ունեցան տաղանդավոր երգիչներ և երաժիշտներ` վիրտուոզ դաշնակահար և կոմպոզիտոր Մադաթ Ավանեսովի գլխավորությամբ։ Միջոցառման հատուկ հյուրն էր հայտնի երգիչ, մուլտի-ինստրումենտալիստ Գոռ Սուջյանն իր «OneManBand» ծրագրով։ Երեկոյի վարողներն էին կատակերգու և շոումեն Նարեկ Մարգարյանը և Մաշա Գասպարյանը։
Երևան քաղաքի օրվա կապակցությամբ Մոսկվայի տանը բացվել է նաև «Հին և նոր Երևանը» լուսանկարչական ցուցահանդեսը։
--00—ՅՄ