Իսրայելի զինվորականները Լիբանանում քանդել են ՄԱԿ-ի խաղաղապահների դիտաշտարակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21 , 24News

Сним

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) բուլդոզերը քանդել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) դիտաշտարակը և նրանց օբյեկտը շրջապատող պարիսպը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է UNIFIL-ը հոկտեմբերի 20-ի երեկոյան։

«Այսօր ավելի վաղ ԻՊԲ-ի բուլդոզերը միտումնավոր քանդել է Մարվահինում ՄԱԿ-ի դիրքերը շրջապատող պարիսպը և դիտաշտարակը։ Եվս մեկ անգամ ԻՊԲ-ին և բոլոր դերակատարներին հիշեցնում ենք նրանց պարտավորությունների մասին՝ մշտապես ապահովելու ՄԱԿ-ի անձնակազմի և սեփականության անվտանգությունը և հարգելու ՄԱԿ-ի օբյեկտների անձեռնմխելիությունը», - ասվում է X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ:

UNIFIL-ը նաև հիշեցրել է, որ Իսրայելը պարբերաբար իրենցից պահանջել է լքել իր դիրքերը և միտումնավոր կերպով վնասել է ՄԱԿ-ի խաղաղապահների դիրքերը։

«Չնայած առաքելության և զորակազմ ուղարկած երկրների վրա գործադրվող ճնշմանը, խաղաղապահները մնում են բոլոր դիրքերում։ Մենք կշարունակենք իրականացնել մշտադիտարկելու և զեկուցելու մեզ հանձնարարված խնդիրները», - հավելել են UNIFIL-ում։ 

Սա ՄԱԿ-ի խաղաղապահների վրա իրականացվող հարձակումների առաջին դեպքը չէ։ Իսրայելական հարվածներից տարբեր միջադեպերում մի քանի խաղաղապահ է վիրավորվել։

Իսրայելը կոչ է արել խաղաղապահներին լքել մարտական ​​գործողությունների գոտին։

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Սեպտեմբերի վերջից Իսրայելն ակտիվորեն ավիահարվածներ է հասցնում Լիբանանի հարավին և Բեյրութին՝ ոչնչացնելով «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքները։ ԻՊԲ-ն հոկտեմբերի 1-ից նաև ցամաքային հարձակում է սկսել Լիբանանի հարավային շրջաններում:

«Հեզբոլլահ»-ն իր հերթին ամեն օր հրթիռակոծում է Իսրայելի տարածքը։

--00—ԼՀ