ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Բաքվի Նիսամիի շրջանային դատարանը պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ հրապարակելու մեջ մեղադրվող և նախորդ տարվա նոյեմբերին կալանավորված հայտնի ռազմական փորձագետ Ադալեթ Վերդիևի քրեական գործով նախապատրաստական խորհրդակցություն է իրականացրել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Տեղեկության համաձայն՝ 2024թ. նոյեմբերի 22-ին Արցախի տարածքներում կազմակերպված մեդիա շրջագայության ժամանակ Ադալեթ Վերդիևը, որը որպես ռազմական փորձագետ մասնակցել է մեդիաշրջագայությանը, տեսանյութ է նկարահանել, որում երևում են բարձունքները, որտեղ գտնվում են Ադրբեջանի մարտական դիրքերը, սահմանապահ զորքերի տեղակայման վայրերը, և իր մեկնաբանությունների ուղեկցությամբ դրանք հրապարակել սոցցանցային հարթակում։
Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով՝ նոյեմբերի 22-ին Վերդիևը, որը որպես սպա ծառայել է Ադրբեջանի զինված ուժերում, «լուրջ վնաս է հասցրել պետական անվտանգությունն ու երկրի պաշտպանունակությունն ապահովող շահերին»։
--00—ՍՊ