Ոստիկանության գործելաոճը դատապարտելի է,  անհապաղ ազա՛տ արձակեք ակցիայի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

ՀՀ
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել․

«2025 թվականի մարտի 7-ին, ժամը 16:20-ից, շուրջ 10 րոպե Երևանի Նաիրի Զարյան փողոցի, 11-13 հասցեի հարակից փողոցի վրա գտնվող անցուղու (զեբրայի) վրա մի խումբ բնակիչներ իրականացրել են խաղաղ բողոքի ակցիա, ի նշան մի քանի օր առաջ հենց այդ նույն վայրում ավտովթարի ենթարկված դեռահասի և ապօրինի շինարարության հետևանքով ստեղծված վթարային իրավիճակի համար: Երևանի Նաիրի Զարյան փողոցի, 11-13 հասցեի հարակից փողոցը, որը նաև բանուկ խաչմերուկ է` Նաիրի Զարյան, Վրացական և Հրաչյա Քոչար փողոցների ամբողջությամբ տեսախցիկների միջոցով վերահսկվում է: 

Սակայն, ՀՀ ոստիկանությունը, որը պարտավոր է պահպանել հասարակական կարգը և մարդկանց կյանքն ու առողջությունը ապօրինի ոտնձգություններից, կանխելու ապօրինությունները, շարունակում է գործել օրենքից դուրս և դարձել է հովանավոր հանցագործություններ կատարողներին: 2025 թվականի մարտի 7-ին, ժամը 16:20-ից, շուրջ 2 րոպե Երևանի Նաիրի Զարյան փողոցի, 11-13 հասցեի հարակից փողոցի ավտոմեքենաների երթևեկելի մասից հետիոտնի մայթ է անցել Lexus RX 02 TA 001 ավտոմեքենան և փորձել է վրաերթի ենթարկել խաղաղ ցուցարարներից մի քանիսին, որի հետևանքով եղել է դիմադրություն- պատասխան: Այս Lexus RX 02 TA 001 ավտոմեքենայի վարորդին սանձելու փոխարեն, ոստիկանությունը երեկ ժամը 18:30-ին արգելանքի տակ է պահում երեք խաղաղ ցուցարարի, որոնց զրկել է նաև պաշտպանական իրավունքից:

Ակնհայտ է, որ ոստիկանությունը գործում է ի շահ Lexus RX 02 TA 001 ավտոմեքենայի վարորդի, ով վրաերթի միջոցով սպանությունների փորձ է կատարել: Իսկ ինչո՞ւ է ոստիկանությունը նման վարքագիծ դրսևորել, կարելի է ողջամիտ ենթադրել, որ ունի պատվեր կոռուպցիոն հանցագործության տիրույթում: Ոստիկանությունը մեկ րոպեի ընթացքում պետք է բացեր տեսախցիկների տեսաձայնագրությունները և ներգրավեր որպես կասկածյալ Lexus RX 02 TA 001 ավտոմեքենայի վարորդին, այլ ոչ թե խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցներին:

Ոստիկանության նման գործելակերպից ահավոր փչում է կոռուպցիայի գարշելի հոտը:

 Ոստիկանության նման գործելաոճը դատապարտելի է,  պետք է անհապաղ ազատ արձակել խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցներին ու ներողություն խնդրել նրանցից: Միևնույն ժամանակ դատապարտելի «Factor tv» լրատվամիջոցի ոչ պրոֆեսիոնալ գործելակերպը, որը տեղադրել է միայն մոնտաժված տեսանյութ։ Տեսանյութը չի պարունակել Lexus RX 02 TA 001 ավտոմեքենայի վարորդի վրաերթի հատվածը և հրապարակել է սադրիչ վերնագիր` ակցիայի մասնակիցը կոտրեց դիմապակին»: 


 

--00--ՍՊ