ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Աշխարհի խոշորագույն բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», կրկին միավորում է միլիոնավոր մարդկանց՝ մարտի 22-ին, ժամը 20:30-ին, մեկ ժամ նվիրելու մեր մոլորակին։ Այս տարի, «Երկրի ժամը» կոչ է անում ոչ միայն անջատել լույսերը, այլև նվիրել մեկ ժամ Երկրին՝ կատարելով այն, ինչ սիրում եք՝ ի նպաստ բնության։
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը, սկսած 2008 թվականից, առաջնորդում է այս շարժումը Հայաստանում՝ ոգեշնչելով և միավորելով մարդկանց՝ գտնելու լուծումներ և ձեռնարկելու միջոցառումներ մեր մոլորակի պահպանության համար։ Ամեն տարի հազարավոր քաղաքներ, համայնքներ և միլիոնավոր անհատներ իրենց նվիրումն են ցույց տալիս՝ մեկ ժամով անջատելով լույսերը կամ կատարելով այլ դրական գործողություններ Երկրի համար։
Այս տարի, «Երկրի ժամը» համընկնում է նաև «Ջրի համաշխարհային օրվա» հետ, ինչը հնարավորություն է տալիս անդրադառնալ ջրի պահպանման կարևորությանը։
WWF-Հայաստանը կոչ է անում անհատներին, համայնքներին և կազմակերպություններին միանալ «Երկրի Ժամին»՝ մարտի 22-ին, ժամը 20:30-ին, անջատելով էլեկտրականությունը և նվիրելով մեկ ժամ Երկրին՝ կատարելով այն, ինչ սիրում եք՝ ի նպաստ բնության։ Օրինակ՝ կարելի է անցկացնել ժամանակ բնության մեջ, մասնակցել ծառատունկի, մաքրել շրջակա միջավայրը կամ որդեգրել բնության համար առավել անվտանգ ապրելակերպ։
«Երկրի ժամը» պարզապես լույսերը մեկ ժամով անջատելու մասին չէ. այն կարևոր հիշեցում է մեր մոլորակի նշանակության, դրա պահպանման անհրաժեշտության և այդ ամենն իրականացնելու համար մեր ունեցած սահմանափակ ժամանակի մասին»,- նշում է WWF-Հայաստանի Հասարակայնության հետ կապերի, համագործակցությունների և ֆոնդահայթայթման ղեկավար Ժակ Նիազյանը։
Միասին մեր մոլորակի համար կարող ենք անել ավելին։ Համախմբվելով Երկիրը պահպանելու շուրջ և հանրությանն իրազեկելով՝ միասին մենք կօգնենք կերտել ավելի կանաչ ապագա։
--00—ՅՄ