ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Հայաստանը 2024 թվականին սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել 13 երկրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի՝ 2024թ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանն այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Հաշվետու տարվա ընթացքում 13 երկրում՝ Ավստրիայում, ԱՄՆ–ում, Բուլղարիայում, Գերմանիայում, Դանիայում, Իտալիայում, Հունաստանում, Նիդեռլանդներում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Սլովակիայում, Ֆինլանդիայում և Ֆրանսիայում նշանակվել են 16 սփյուռքի գործերի հանձնակատարներ»,–ասաց Սինանյանը:
Նրա խոսքով՝ ինստիտուտի ներդրման նպատակն է զարգացնել Հայաստան–սփյուռք գործակցությունը, բարձրացնել այդ բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, ապահովել հայ համայնքների միջև կայուն հարաբերությունները և համայնքի ներուժի նպատակային ներգրավումը, ինչպես նաև աջակցել հայի ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը:
--00--ԱՀ