ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է ունեցել Ստեփանավանի հրշեջ-փրկարարական նոր կայանի բացման արարողությունը, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, փրկարար ծառայողներ։
ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ Ստեփանավանի հրշեջ-փրկարարական կայանի կառուցման գործում ցուցաբերած օժանդակության համար։ Նա աղետներին դիմակայունության բարձրացման համատեքստում կարևորել է ԱՄՆ գործընկերների հետ շարունակական համագործակցությունը, որի շրջանակում նման հենակետեր են կառուցվել նաև հանրապետության 6 համայնքներում։
Արփինե Սարգսյանը նշել է, որ Ստեփանավանում հրշեջ-փրկարարական կայանի գործարկումը կարևոր նախաձեռնություն է՝ մի կողմից թույլ տալով փրկարար ծառայողներին արտակարգ իրավիճակներում ապահովել արագ արձագանքում՝ լինելով ավելի մոտ մեր հանրությանը, մյուս կողմից՝ արժանապատիվ աշխատանքային պայմաններ ապահովելով հենց ծառայողների համար։
«ՀՀ կառավարությունը աղետների ռիսկի կառավարման տրամաբանության մեջ լիովին նոր ռազմավարական մոտեցումներ է որդեգրել, որոնք մեզ պետք է օգնեն ոչ միայն կենտրոնանալու փրկարարական աշխատանքի վրա որպես արձագանքման կարևոր բաղադրիչ, այլ նաև գալով սկզբից, ըստ էության, գնահատելով առկա ռիսկերը՝ հասկանալ, թե ինչպիսի վաղ ազդարարման համակարգեր կարող ենք ունենալ, հետո գալ դեպի արձագանքումը ու նաև հետաղետային վերականգնումը, ինչը թույլ պիտի տա աղետների ռիսկի կառավարման ցիկլում ավելի արդյունավետ գործել»,- նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
Նախարարի խոսքով՝ փրկարարի առաքելությունը ապրելու, աշխատելու և ճամփորդելու համար Հայաստանն առավել ապահով դարձնելն է, և այդ համատեքստում կարևոր են թե՛ ծառայությունում ինստիտուցիոնալ փոփոխությունները, թե՛ ստորաբաժանումների նյութատեխնիկական հագեցվածությունը։
Մատնանշելով Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի հաղթահարման փորձը՝ նախարարը նշել է, որ այն Փրկարար ծառայության օպերատիվ արձագանքման կարողությունները գնահատելու համար առանձնահատուկ օրինակ է։
Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև փրկարարների մասնագիտական կարողությունների շարունակական կատարելագործմանը, մարզում կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատի ձևավորմանը։
Նախարարն արձանագրել է, որ ջանք չի կարող խնայվել և չի խնայվում 911 փրկության հեռախոսահամարով դիմողին փրկությունը հնարավորինս արագ հասցնելու համար։
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի խոսքով՝ «Այս հրշեջ-փրկարարական կայանը Ստեփանավանի և մոտակա համայնքների բնակավայրերի համար հնարավորություն է, որպեսզի արտակարգ իրավիճակներին հնարավոր լինի ավելի արագ արձագանքել»:
Կայանի բացման արարողությանը երգ ու պարով հանդես են եկել «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի սաները։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը շրջել են տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, ծառայողների հանգստի և կապի սենյակների հագեցվածությանը, տեխնիկական ու գույքային համալրվածությանը:
--00--ԱՀ