Անձի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա». վերջինս զբաղվել է նաև տարբեր տեսակի թմրամիջոցների ձեռքբերմամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

.

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Դ-ն 2023 թվականի հունվարի 15-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ, գովազդել է դրանք, այնուհետև՝ ապահովել է թմրամիջոցների առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում, որից հետո թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները և «Տելեգրամ» հավելվածում գրանցված առցանց խանութ-հարթակի միջոցով դրանք փոխանցվել են թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով թմրամիջոցների իրացումը:

Հիշյալ եղանակով՝ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման միջոցով իրացման նպատակով ձեռք բերված թմրամիջոցներից «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է Ա.Դ-ի մոտ:

Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Ա.Դ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Խմբի մյուս անդամների ինքնությունը պարզելու նպատակով կատարվում են քննչական և վարութային գործողություններ: