ՀՀ և ՌԴ ԱԳ փոխնախարարները քննարկել են «խաղաղության համաձայնագրի համաձայնեցման» շուրջ աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

աա

Մարտի 20-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի գլխավորությամբ։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորվել է բոլոր մակարդակներում, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունների գծով քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շարունակականությունը։

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման, ինչպես նաև մշակութային և հումանիտար ուղղություններով առաջիկայում իրականացվելիք համատեղ միջոցառումների և ծրագրերի վերաբերյալ:

Նախարարի տեղակալը ՌԴ գործընկերոջը տեղեկացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և տեսլականի, ինչպես նաև Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափում սահմանազատման ուղղությամբ արձանագրված առաջընթացի, խաղաղության համաձայնագրի համաձայնեցման, ՀՀ կողմից «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Քննարկվել են նաև տարածաշրջանի զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:


 

--00—ՍՊ