Հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով ՆԳՆ ՓԾ-ն իրականացրել է հարկադիր քարաթափման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

.

ՀՀ ավտոճանապարհներին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած հնարավոր վտանգները նվազեցնելու ուղղությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցկացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ տարբեր նշանակության ավտոճանապարհների առավել վտանգավոր տեղանքներում իրականացնելով հարկադիր քարաթափումներ։

ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության, «Կոտայքի ճանապարհների շահագործման և շինարարական» ՍՊԸ աշխատակիցների և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողների կողմից  իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5 կմ հատվածի աջ և ձախ կողմերում առկա է քարաթափման վտանգ։ Ուստի, անհրաժեշտությունից ելնելով՝ մարտի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:20-ը, նշված ճանապարհահատվածում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ 

Քարաթափման աշխատանքներին ներգրավվել են Կոտայքի մարզային փրկարարական վարչության, Աբովյանի, Չարենցավանի, Եղվարդի և «Հրազդան» ՋԷԿ-ի հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը՝ ընդհանուր 26 փրկարարական ծառայող։ Աշխատանքները կազմակերպվել և իրականացվել են «Կոտայքի ճանապարհների շահագործման և շինարարական» ՍՊԸ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողների փոխհամագործակցությամբ։

Աշխատանքները կրում են շարունակական բնույթ և, անհրաժեշտության դեպքում, կիրականացվեն հանրապետության այլ տարածքներում ևս։

--00--ԱՀ