«Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը պիտի հանել շրջանառությունից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

ss
ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել քննարկում «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվող վիճարկման հայցը վարույթ ընդունելու խնդրահարույց դրույթների վերաբերյալ:
 
 Քննարկումը նախաձեռնվել էր հաշվի առնելով մասնագիտական հանրույթում հնչած բազմաթիվ բացասական արձագանքները, ինչպես նաև նախագծի հնարավոր ազդեցությունը մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի վրա:
 
 Քննարկմանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի, ՀՀ դատական դեպարտամենտի, ՓՄՁ ասոցացիայի, ինչպես նաև գիտական հանրույթի և հասարակական կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ: Ելույթ ունեցողները ներկայացրել են նախագծի խնդրահարույց դրույթները և հնարավոր բացասական հետևանքները, իսկ ՀՀ դատական դեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ դատական իշխանությունը ևս խնդրահարույց է դիտարկել առաջարկվող փոփոխությունները:
 
 Վեր են հանվել հետևյալ խնդիրները՝
 
 • Նախագիծը խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից՝ հատկապես արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման, դրա կառուցակարգերը և ընթացակարգեր սահմանելու մասով,
• չեն պահպանվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված՝ նախագծի ազդեցության գնահատման, կարգավորման նպատակները բացահայտելու, ակնկալվող արդյունքը նշելու և այլ պահանջները,
• վիճարկման հայցերով վարչական ակտի կատարումը օրենքի ուժով կասեցնելու ինստիտուտի վերացումը հսկայական հետընթաց քայլ է վարչական դատավարության հայեցակարգից և էականորեն սահմանափակում է ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքները,
• վարչական ակտի կատարումը օրենքի ուժով կասեցնելու ինստիտուտը հայցի ապահովման ինստիտուտի փոխակերպելը բացարձակապես անընդունելի է,
• 2024թ. քննված վարչական ակտերի վիճարկման գործերի քանակը 2022-2023թթ համեմատությամբ աճել է և կրկնապատկվել, ինչը բնութագրում է վարչական դատարանի նկատմամբ վստահության աճի միտումը,
• 2022-2024թթ․ քննված վարչական ակտերի վիճարկման գործերով 75-80% բավարարված հայցերի քանակը փաստում է վարչական մարմինների կողմից իրականացված վարչարարության ոչ պատշաճ լինելը,
• որպես միջազգային փորձ, նախագծի հիմնավորումներում նշված երկրներում գործող իրավակարգավորումները ներկայացվել են թերի, ոչ ամբողջական և ընդհանրապես չեն հիմնավորում նախագծի ընդունման անհրաժեշտությունը։
 
 Քննարկման ավարտին մասնակիցները եկել են ընդհանուր հետևության, որ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՆԵԼ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ:


 

--00—ՍՊ