Ֆինլանդիան դարձել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

.

Ֆինլանդիան ութերորդ տարին անընդմեջ ճանաչվել է ամենաերջանիկ երկիրը: Երկրորդ տեղում Դանիան է, երրորդ տեղն զբաղեցրել է Իսլանդիան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հետևում է Երջանկության մասին համաշխարհային զեկույցից:

«Երջանկության մեր ամենամյա վարկանիշային աղյուսակը կրկին գլխավորում են Հյուսիսային Եվրոպայի երկրները, իսկ Ֆինլանդիան դրանց թվում առաջվա պես առաջին դիրքում է», - ասվում է զեկույցում:

Փաստաթղթի համաձայն՝ ամենաերջանիկ երկրների առաջին տասնյակում նաև ընդգրկվել են Շվեդիան, Նիդեռլանդները, Կոստա Ռիկան, Նորվեգիան, Իսրայելը, Լյուքսեմբուրգը և Մեքսիկան։ ԱՄՆ-ն զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը։

Երջանկության մասին 2024 թվականի համաշխարհային զեկույցի համաձայն` առաջատարների եռյակում, ինչպես և 2023 թվականին, տեղ էին գտել հյուսիսային երկրները: Այդ ժամանակ ևս երկրորդ տեղում Դանիան էր, երրորդում՝ Իսլանդիան: 

Ամենադժբախտ երկիրը, ինչպես և 2024 թ. զեկույցում, ճանաչվել է Աֆղանստանը: Աութսայդերների ցանկում են նաև Սիեռա Լեոնեն, Լիբանանը, Մալավին, Զիմբաբվեն, Բոտսվանան, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը և Եմենը։

Ամենաերջանիկ երկրների վարկանիշային աղյուսակն առաջին անգամ հրապարակվել է 2012 թվականին:

Երջանկության մասին համաշխարհային զեկույցի ուսումնասիրությունն օգտագործում է վեց հիմնական գործոն՝ սոցիալական աջակցություն, եկամուտ, առողջություն, ազատություն, առատություն և կոռուպցիայի բացակայություն: 

Փաստաթղթի հրապարակումը համապատասխանեցվել է մարտի 20-ին նշվող Երջանկության միջազգային օրվա հետ։

--00--ԱՀ